Եվրամիության նախագահող պետության` Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը արդեն մի քանի օր է, ինչ ստիպված է բացատրություններ տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերի առնչությամբ:
Մալթացի հետաքննող լրագրողները Մուսկատին և նրա մերձավոր շրջապատին մեղադրում են Ալիևների ընտանքի հետ ֆինանսական ստվերային գործարքներ կնքելու և ադրբեջանական իշխանություններից այսպես կոչված «ատկատ»-ի տեսքով առնվազն մեկ միլիոն դոլար ստանալու մեջ:
Ապրիլի 20-ին սկիզբ առած կոռուպցիոն սկանդալը ընդամենը երկու շաբաթում այնպիսի թափ հավաքեց, որ երեկ արդեն Մալթայի վարչապետը ստիպված էր հայտարարել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին:
«Ես ձգձգման որևէ պատճառ չեմ տեսնում: Եթե ի վերջո պետք է որոշում կայացնենք, եկեք դա անենք հենց հիմա: Ես դիմել եմ Մալթայի նախագահին խորհրդարանը ցրելու և հունիսի 3-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու առաջարկով», - երեկ, դիմելով Մալթայի մայրաքաղաք Վալետայի կենտրոնում հավաքված իր կողմնակիցներին, հայտարարել է Ջոզեֆ Մուսկատը` հավելելով, որ իր անվան շուրջ ծագած սկանդալը չի ստիպի իրեն հրաժարվել վերընտրվելու մտադրությունից:
Մալթայի պատմության մեջ թերևս ամենաաղմկալի այս կոռուպցիոն սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա-Գալիզիան մի շարք ֆինանսական փաստաթղթերի պատճեններ հրապարակեց: Դրանցից պարզ էր դառնում, որ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող, Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող, Պանամայում գրանցված Egrant ֆիրմային:
Բացի այդ, հետաքննող լրագրողը պարզել է, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մինչև մարտը շաբաթական երկու անգամ 100 հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող այդ ընկերությանը: Փոխանցումներն իրականացվել են Մալթայում գործող Pilatus բանկի միջոցով, որի ամենահարուստ հաճախորդներ են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը և Իլհամ Ալիևի երկու զավակները` Լեյլան և Հեյդարը:
Մալթայի հեռուստաընկերություններից մեկի տեղեկություններով, փաստաթղթերի հրապարակումից մի քանի ժամ անց սկանդալի կիզակետում հայտնված բանկում ամբողջ գիշերը կասկածելի ակտիվություն է նկատվել: Մալթացի լրագրողներին նույնիսկ հաջողվել էր նկարահանել, թե ինչպես են բանկի կառավարիչն ու աշխատակցիներից մեկը լուսադեմին շենքի հետնամուտքից երկու մեծ ճամպրուկ դուրս բերում:
«Հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն գիշեր Bombardier Challenger 850 մակնիշի մասնավոր մի օդանավ Մալթայից ուղևորվել է Բաքու` վերալիցքավորվելով Թուրքիայում կամ Հունաստանում: Օդանավում որևէ ուղևոր չի եղել, միայն անձնակազմը», - պնդում է Malta Today պարբերականը:
Մալթացի ընդդիմադիրները ենթադրում են, որ վարչապետ Մուսկատն ու նրա շրջապատը ադրբեջանական իշխանություններից նման պատկառելի գումարներ են ստանում՝ որպես երախտագիտություն 2014-ի դեկտեմբերին Բաքու կատարած այցի ընթացքում կնքված պայմանագրերի դիմաց: Դրանց համաձայն, Մալթան պարտավորվում է 18 տարի ժամկետով գազ գնել բացառապես Ադրբեջանից, ինչպես նաև ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում:
Մալթայում լույս տեսնող Independent պարբերականը պնդում է, որ Բաքու կատարած այս այցը դեռ 2014-ին լուրջ կասկածներ էր հարուցել, քանի որ դրա ընթացքում երկրի վարչապետին որևէ լրագրող չէր ուղեկցում: Իսկ 2015 թվականին Մալթայի գլխավոր աուդիտորը, ուսումնասիրելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հետ կնքված գործարքը, պնդել էր, որ դրա հետևանքով Մալթայի պետական բյուջեն առնվազն 14 միլիոն ամերիկյան դոլար է կորցրել: