Մինչ Հայաստանի նախագահն ու վարչապետը այսօր շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Աշխատանքի օրվա կապակցությամբ՝ կարևորելով աշխատավորների արժանապատվության հարգանքը, իրավունքների պաշտպանությունը, շուրջ քսան օր է իրավապահ մարմինները անգամ կասկածյալի անուն չեն նշել՝ ո՞վ կարող էր վարել «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած աղմակահարույց ժողովը, որի ժամանակ մի տղամարդ սպառնալով և ծաղրելով՝ պահանջում է գրուպի աշխատակիցներից քվեներ ապահովել ընկերության սեփականատեր, ՀՀԿ֊ական Արտակ Սարգսյանի համար:
«Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է: Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ», - նշված է նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ուղերձում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հիշատակել է աշխատավոր մարդուն պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ - «Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ: Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար»:
Հեռավոր 1886 թվականի մայիսի 1-ին ոստիկանությունը՝ մարդկային զոհերի գնով ցրեց Չիկագոյի աշխատավորների ցույցը, ովքեր պահանջում էին ընդամենը 8-ժամյա աշխատանքային օր: Այդ օրվանից ի վեր մայիսի 1-ը աշխարհում նշվում է որպես Աշխատանքի օր:
Մերօրյա Հայաստանում աշխատավորների իրավունքների պաշտպանության հանրահավաքներ թեև տեղի չեն ունենում, բայց որ այդ իրավուքնները կոպտորեն խախտվում են, վերջերս բարձրաձայնեցին իրավապաշտպանները՝ անդրադառնալով «ՍԱՍ գրուպում» կայացած ժողովին:
Ժողովի ձայնագրությունը ապրիլի 13-ին հրապարակեց Hayastan24.Com-ը կայքը․ - «Եթե դու էդ ձևի ես վերաբերվում մեզ, մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք: Հովհաննես Հովհաննիսյան, ո՞ւր ա․․․ Հը՞, Հովո, բերել չե՞ս: Հովոն մեր հետ չի, ուրեմն մեր դեմ ա, իմացեք: Ասենք, քյալամ, վարունգ բերելով չի, ախպեր ջան, պտի նաև ձեն ապահովես, չէ՞»:
Այս հրապարակումից շուրջ քսան օր անց էլ տեղի ունեցածը քննող Հատուկ քննչական ծառայությունը չի հայտնել որևէ մեղադրյալի, անգամ կասկածյալի անուն:
«ՍԱՍ գրուպի» սեփականատեր, իշխող ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային թեկնածուներից մեկն էր և կարողացավ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած կուսակցության համար ապահովել շուրջ 12 հազար ձայն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի խոսքով, այսօր Հայաստանում կոպտորեն խախտվում են աշխատավորների իրավունքները:
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ոլորտի համար պատասխանատու նախկին պաշտոնյան անգամ օգտագործեց «ստրկացում» բառը․ - «Մի բան ակնհայտ է, որ այստեղ տեղի է ունեցել աշխատավորական կոլեկտիվի կամքի նկատմամբ հոգեբանական բռնություն: Ի՞նչ է նշանակում հավաքել կոլեկտիվին, սպառնալ՝ այսինչին ընտրել, այնինչին չընտրել: Ինչո՞ւ պետք է մարդը իր սեփական քաղաքական նկրտումների համար մարդկանց ստրկացնի, նրանց դնի նսեմացուցիչ վիճակի մեջ: Հայաստանի Հանրապետության սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն, ոչ ոք չի կարող ենթարկվել նվաստացուցիչ, արժանապատվությունը ստորացնող, նսեմացնող վերաբերմունքի: Դա Սահմանադրության խախտում է, Աշխատանքային օրենսդրության խախտում է, որովհետև աշխատողին հետապնդում են ոչ նրա գործնական հատկանիշների հետ կապված»:
«Ազատության» անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ երևանցիները տարակարծիք են աշխատավորների իրավունքների պաշտպանվածության հարցում․ ոմանք համարում է, որ դրանք ամենևին պաշտպանված չեն, մյուսները բավարար են գնահատում այդ իրավունքների պաշպանվածության մակարդակը: