Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլի 26-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր


Հայաստան, Երևան - Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան, Երևան - Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԱՄՆ Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ չորեքշաբթի օրը ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այս և հետագա տարիների ապրիլի 26-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։

Բանաձևում, որի տեքստը հրապարակված է Կոլորադոյի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում, ասված է, որ այս տարի «Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 102-րդ տարելիցն է»։ «1915-23 թվականներին թուրքական Օսմանյան կայսրության կողմից իրականացված վայրագ ցեղասպանության զոհ դարձան հայկական ծագում ունեցող մեկևկես միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ», - ընդգծում են Կոլորադոյի օրենսդիրները բանաձևում։

«Հայ ժողովրդի կոտորածին հաջորդեց աշխարհի հնագույն բազմաթիվ եկեղեցիների, տաճարների, խաչքարերի, ինչպես նաև դպրոցների, գրադարանների, արվեստի գանձերի և մշակութային կոթողների ոչնչացումը, որը շարունակվում է մինչ օրս՝ որպես ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող մի վեհ քաղաքակրթության բոլոր հետքերը ջնջելու փորձ», - ասված է բանաձևում։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստան երկրի՝ հայ ժողովրդի հայրենիքի և նրա հարևանների միջև կառուցողական ու մնայուն հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերին, հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների ճանաչման և մարդկության դեմ այդ հանցագործության ազնիվ, արդարացի և համընդգրկուն միջազգային լուծման վրա», - հայտարարում են Կոլորադո նահանգի օրենսդիրները ընդունված բանաձևում։

Կոլորադոն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1981 թվականին` նահանգապետի հայտարարությամբ, իսկ 2002-ից սկսած այդ նահանգի օրենսդիր մարմինը ամեն տարի Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր է ընդունում: 2015 թվականին Կոլորադոն դարձավ ամերիկյան առաջին նահանգը, որի նահանգապետարանի տարածքում խաչքար տեղադրվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ընդ որում, ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանը, այդ խաչքարը 2005 թվականին Ջուղայում ադրբեջանցիների կողմից ոչնչացված միջնադարյան 2 հազար խաչքարերից մեկի կրկնօրինակն է:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասավ 45-ի՝ ցեղասպանությունը ճանաչեց նաև Վայոմինգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG