Մատչելիության հղումներ

«Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումի քննությունը ՍԴ-ում անցնում է լարված մթնոլորտում


Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննության երրորդ օրը Սահմանադրական դատարանում անցնում է լարված մթնոլորտում՝ երբեմն անգամ վերաճելով վիճաբանության:

Ընդդիմադիրները պնդում են, որ խախտումները, ընտրողներին ահաբեկելն ու վարչական ռեսուրսի չարաշահումն ազդել են ընտրությունների արդյունքի վրա:

Պատասխանողը՝ ԿԸՀ-ն, դիմումը մերժում է ամբողջությամբ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով, ընդդիմադիր դաշինքի պահանջը հիմնազուրկ է:

Այսօրվա նիստի մեկնարկին պատասխանողին հարցեր են ուղղում դիմող կողմի ներկայացուցիչները: Լևոն Զուրաբյանը փորձեց ճշտել Տիգրան Մուկուչյանի տեսակետը «ՍԱՍ գրուպի» հայտնի ձայնագրության մասին․ - «Այնտեղ հավաքված են եղել 200-400 մարդ մոտավորապես, մամուլը նման գնահատականներ է տվել․․․ Եթե պարզվում է, որ այդ ամենը ճշմարտություն է, և որ Արտակ Սարգսյանի ձայները ձեռք են բերվել ապօրինի ներազդեցություններով ընտրողների վրա, ընկերության աշխատողների վրա և այլն, և այլն, կարելի՞ է համարել, որ դա էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:

«Եթե-ով գնահատականներ տրվել չեն կարող», - արձագանքեց ԿԸՀ-ի նախագահը: - «Վերցրել եք ընդամենը մեկ ձայնագրություն, բերում եք տարբեր կայքերից, թերթերից հանած դատողություններ, որ եղել է 200-400 մարդ, ու հիմա փորձում եք դրա վրա ստանալ պատասխան՝ վերացական, օդում: Այդպես չի լինում»:

Հատկապես դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրությանը, ԿԸՀ-ի կողմից դրանք ուսումնասիրելուն վերաբերող հարցերին Տիգրան Մուկուչյանը կարճ էր արձագանքում:

«Եթե տնօրենը կամ ուսուցիչը որևէ ընկերական, բարեկամանական կապ չունի այդ աշակերտի ծնողի հետ և նա հանդիպում է ու քարոզում է Հանրապետականի օգտին, այդ պահին մենք համարում ենք, որ ինքը գտնվում է իր լիազորությունները իրականացնելի՞ս․․․» - դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի այս հարցը Մուկուչյանն ընդմիջեց՝ ասելով․ - «Դատարանում «եթե»-ով հարցերի պատասխաններ չեն տրվում»:

Զուրաբյանը ճշտեց, որ այդ հարցերով փորձում է պարզել ԿԸՀ-ի նախագահի դիրքորոշումը, ինչին Մուկուչյանը հակադարձեց․ - «Իմ դիրքորոշումը ապացույցների վերաբերյալ կարող եմ ներկայացնել ու դիմումի, ոչ թե «եթե»-ների»:

Քննարկելով Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու՝ «Ելք» դաշինքի պահանջը ԿԸՀ-ն մերժել էր: Դիմումի հիմքում դպրոցների և մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունն էր: Այդ նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ տնօրենները բացատրություններ են ներկայացրել ԿԸՀ: Զուրաբյանը այսօր հետաքրքրվեց Մուկուչյանից, թե ով է վերցրել բացատրությունները․ - «Մենք կասկածներ ունենք, որ Դուք նման բան չեք արել, որ դա կազմակերպվել է: Էդ բացատրությունը Ձեզ բերել, հանձնել են: ԿԸՀ-ի ո՞ր պաշտոնյան է վերցրել այդ բացատրությունները»:

«Բացատրությունները գրել են այդ անձինք և ներկայացրել են ԿԸՀ», - պատասխանեց Մուկուչյանը:

«Անունները կարո՞ղ եք տալ այն մարդկանց, ովքեր զբաղվել են այդ աշխատանքով», - համառեց Զուրաբյանը՝ ստանալով հետևյալ պատասխանը․ - «Ձեզ չեմ տրամադրում այդ անունները»:

«Այ, ինձ դա էր պետք, որ Դուք չտրամադրեք էդ մարդկանց անունները», - ասաց ընդդիմադիր գործիչը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երկարաշունչ հարց ձևակերպեց, որը Տիգրան Մուկուչյանը լսեց ու խնդրեց կրկնել․ ֊ «Ես հարցը չեմ հիշում, չեմ կարող պատասխանել»:

Եգորյանը հրաժարվեց հարցը կրկին հնչեցնել ու ասաց․ - «Այդ դեպքում ես խնդրում եմ ինձ համար ասեք, թե Դուք քանի՞ րոպե տևողությամբ հարց եք ունակ հիշել, ես այդ տևողությամբ հարցս ձևակերպեմ»:

Լարվածությունը վերաճեց վիճաբանության․ երբ Եգորյանը հարց էր ուղղում Մուկուչյանին, վերջինս նրան ընդհատեց ու դիմեց Լևոն Զուրաբյանին․ - «Մատով մի ցույց տվեք, առանց մատի»: Սրան հետևած վիճաբանությանը ստիպված եղավ միջամտել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նիստի ընդմիջմանը Տիգրան Մուկուչյանն ու Լևոն Զուրաբյանը դեռ հարցեր էին պարզում: Միջանցքում Զուրաբյանը հայտարարեց․ - «Կարծում եմ, որ Տիգրան Մուկուչյանը չափազանց շատ է կախվում իմ ցուցամատից»:

Կողմերին նաև ՍԴ անդամները հարցեր ուղղեցին: Կիմ Բալայանը ընդդիմադիրներից հետաքրքրվեց․ - «Երկու իշխանական ուժ էր մասնակցում՝ Հանրապետականը և Դաշնակցությունը: Դպրոցների տնօրենները մեծամասամբ կախված են ըստ ադմինիստրատիվ ենթակայության կա՛մ Կրթության նախարարից, կա՛մ մարզպետից: Ամենաարտառոցը Շիրակի պարագայում և՛ մարզպետն է դաշնակցական, և՛ Կրթության նախարարն է դաշնակցական: Ինչպե՞ս պատահեց, որ դաշնակցական լծակներն օգտագործվեցին Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքելու համար»:

Լևոն Զուրաբյանի արձագանքը․ - Հաշվի առնելով Ձեր քաղաքական անցյալը՝ որևէ կերպ չէի ուզենա վիրավորել Ձեր զգացմունքները, բայց թույլ տվեք ասել, որ այսօր, այո, Հանրապետական կուսակցությունը․ լիովին տիրանալով իշխանության լծակներին և օգտագործելով պետական ռեսուրսը իշխանության ապօրինի վերարտադրման համար, իրեն կարող է թույլ տալ հաշվի չնստել Դաշնակցության հետ, որովհետը Դաշնակցությունը ընդամենը դարձել է այդ համակարգի գործիքը»:

Բալայանը նաև ԿԸՀ-ի նախագահին հարց ուներ․ - «Ի՞նչ օրենսդրական բազա է պետք լրացուցիչ, որպեսզի հավատը ամբողջությամբ վերականգնվի ընտրությունների նկատմամբ»:

Մուկուչյանի պատասխանը․ - «Օրենսդրական լիարժեք հնարավորությունը թափանցիկության ապահովման առումով տրված է»:

ՍԴ նախագահի հարցը ևս Տիգրան Մուկուչյանին էր ուղղված․ - «Այս ընտրական գործընթացում ոչ միայն 650 միջազգային դիտորդներ մասնակցեցին, այլև շատ ակտիվ էին Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Եվ մենք կարդում ենք և՛ դիտորդների մոտ, և՛ նրանց արտահայտություններում, որ «քաղաքական և գործարար շահերի միահյուսում» արտահայտության փոխարեն արդեն խոսվում է «քաղաքական կոռուպցիայի» մասին: Եվ նույնիսկ բավականին սուր հարցադրում կատարվեց, որ քաղաքական կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է երկրի համար: Այ, Դուք շփվում էիք այդ մարդկանց հետ, նրանց այդ արտահայտությունը նախկի՞նն էր՝ նոր ձևով արտահայտված, տարբեր մարդիկ էին, թե՞ քաղաքական և գործարար շահերի միահյուսումը վերաճել է քաղաքական կոռուպցիայի: Դուք ինչպե՞ս եք սա գնահատում որպես ընտրական գործընթացի գլխավոր պատասխանատուներից մեկը»:

«Չեմ կարծում, որ դա վերաճելու արդյունք է: Կարծում եմ, դա ընդամենը տվյալ ընտրությունը դիտարկելու արդյունքում վերջիններիս կողմից ներկայացված իրենց կարծիքն է», - արձագանքեց ԿԸՀ-ի նախագահը:

XS
SM
MD
LG