Հայաստանի շուկաներում ադրբեջանական խնձոր է վաճառվում․ սոցցանցերում մի քանի օր առաջ հնչած այս ահազանգին արձագանքելով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նախորդ 3 օրերին շրջայցերի արդյունքում Երևանի ու մարզերի մեծ ու փոքր շուկաներում, նաև պտուղ-բանջարեղենի խանութներում հայտնաբերել է ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:
Ինչպես նշվում է կառույցի հաղորդագրության մեջ, արգելվել է դրանց վաճառքն ու հանձնարարել ոչնչացնել ապրանքը։
Ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետՎահե Դանիելյանը, սակայն, չունի պատասխան այն հարցին, թե որտեղից է Հայաստան ներկրվել Ադրբեջանում աճեցված խնձորը․ - «Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նման ապրանքատեսակ, ադրբեջանական ծագման խնձորի թույլտվություն չի եղել Հայաստանի Հանրապետություն ներմուծելու: Եվ ընդհանրապես սահմանային պետական վերահսկողության չի էլ ներկայացվել նման ապրանքատեսակ»:
Նրա խոսքով, մինչև այս պահը կանխվել է մոտ 200 կգ խնձորի վաճառք։ Ստուգայցերը շարունակվում են, իսկ հայտնաբերվող խմբաքանակները՝ աճում։
Երևանի Մալաթիայի ու «Գումի» շուկաները, որտեղ երեկ եղել են ծառայության տեսուչներն, այսօր այցելել է նաև սննդաբան Դավիթ Պիպոյանը։ Իր խմբի հետ առավոտյան շրջելով այդ վաճառակետերում արձանագրել է հետևյալ պատկերը․ - «Մի տեղ չի, երկու տեղ չի․․․ էդ սև արկղը տեսնո՞ւմ եք․․․ անկյունում գրված ա՝ Product of Azerbaijan»:
1200 դրամով Պիպոյանը գնել է սոցցանցերի աստղ դարձած ադրբեջանական խնձորը։ Մասնագետն ասում է, որ շատ վաճառողներ անգամ չէին էլ թաքցնում, թե ինչ ծագման ապրանք են վաճառում։ Մի մասն էլ, ըստ Պիպոյանի, արդեն պոկել էր «DAD» անվանմամբ ֆիրմային մակնշումը․ - «Ինձնից հետո նույն կետից, որտեղից ես առել էի ադրբեջանական խնձորը, մոտեցավ հանրային ռադիոյի լրագրողը, և ասեցին, որ ոչ, մենք էդ բանը արդեն չունենք: Դա նշանակում է, որ եթե մշտադիտարկումներ իրականացված լինեին, որևէ մեկը չէր համարձակվի այսօր ադրբեջանական ապրանք իրացնել»:
Ի դեպ, «DAD»-ի պաշտոնական կայքում նշվում է, որ մրգի մեծածախ մատակարարմամբ զբաղվող ընկերության այգիները գտնվում են Ադրբեջանի Քուբա քաղաքում և Դելլեքլի գյուղում, որոնք հայտնի են իրենց խնձորով: Ընկերությունը գրասենյակներ ունի Ադրբեջանում, Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Էմիրություններում: «Դադ» բառն, ի դեպ, ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է համ:
«Ազատության» այցելության ժամանակ շուկաների վաճառողները, սակայն, ներկրված կանաչ խնձորները ներկայացնում էին արդեն որպես ֆրանսիական, ոմանք էլ՝ անգամ տեղական։
Հարցին, թե ինչպես է ստացվում, որ ստուգումներից հետո, այնուամենայնիվ, ադրբեջանական խնձորն այսօր էլ վաճառվում է շուկաներում, ՍԱՊԾ մասնագետն արձագանքեց․ - «Միգուցե իրենք պահել են, հետո նորից հանել, վաճառում են»:
Դանիելյանն վրդովվում է՝ ամեն կանաչ խնձոր չէ, որ ադրբեջանական է։ Մասնագետները պահանջում են փաստաթղթերը, փորձում պարզել, թե ումից են գնել վաճառողները։ Փորձերը, սակայն, դեռ արդյունք չեն տալիս, փաստաթուղթ չկա, շղթան կտրված է։
«Մենք ունենք մարմին, որը պատասխանատու է ամբողջ իրացման ցանցի համար՝ և՛ սահմաններում, և՛ իրացման ցանցում: Եթե չի ապահովել սպառողների անվտանգությունը, մնացածը՝ ով էր մեղավոր, ովքեր իրենց աշխատանքը ոչ պատշաճ մակարդակով իրականացրին, պարզ, մեր աչքի տեսածն է: Երեկ հայտարարվեց, որ ապրանքները ոչնչացվում են, այսօր մենք համոզվեցինք հակառակում: Որևէ այլ հայտարարություն և որևէ պաշտոնական վարկած, դա ընդամենը ինքնարդարացման միջոց է», - ասաց Պիպոյանը:
Նա նաև պնդում է, որ սահմանային վերահսկողությունը խարխուլ հիմքերի վրա է դրված:
Ադրբեջանական խնձորից տեղյակ չեն նաեւ մաքսային ծառայությունը։ ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանման մեջ ասվում է, որ մաքսանենգության փաստը դեռ հստակեցված չէ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:
«Ազատությունը» ևս դիմեց ՊԵԿ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու և ինչպես է ստացվել, որ սահմանային անցակետերում իրենք չեն կարողացել հայտնաբերել խմբաքանակը։ Բայց մեր հարցերն այդպես էլ անպատասխան մնացին։
Անպատասխան է նաև այն, թե ինչ որակ ունի ներկրված խնձորը։ Լաբորատոր փորձաքննության արդյունքները պարզ կլինեն շաբաթվա վերջին։