Երեկ ուշ երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը` Պատգամավորների խորհուրդը, միաձայն ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Պալատի բոլոր 8 խումբ-խմբակցությունների 104 պատգամավորներ կողմ են քվեարկել բանաձևին, որը ի թիվս մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների, դատապարտում է նաև հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխել մարդու իրավունքների ոտնահարումներն աշխարհում, տարաձայնություններն էլ հարթել խաղաղ ճանապարհով:
«Սա բավական բարդ ու երկարատև աշխատանքի արդյունք էր», - «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հետ զրույցում պատմել է Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, խոստովանելով՝ ընդունումը հարցականի տակ էր մինչև վերջին պահը․ - «Մինչ այսօր փորձեր են եղել հարցը դնել Պատգամավորների պալատի օրակարգ: Մեկ անգամ փորձ եղավ 2016 թվականի ամռանը, կամ նույնիսկ մայիսին, և բոլորովին վերջերս՝ ապրիլի 4-ին: Վերջին անգամ ընդամենը 11 ձայն չէր հերիքել, որպեսզի բանաձևի նախագիծ դրվի քվեարկության»:
Չեխ պատգամավորները ևս մամուլի հետ զրույցում չեն թաքցրել՝ որոշումը հեշտ չէր, բայց՝ անհրաժեշտ էր: - «Ես կողմ քվեարկեցի, քանի որ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Թուրքիան ճանաչի հայերի դեմ գործած ցեղասպանությունը», - ասել է Չեխիայի մարդու իրավունքների հարցերով նախարար, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Յան Խվոյկան հավելելով․ - «Ենթադրում եմ, որ Անկարայից կլինի որոշակի արձագանք, սակայն մենք ինքնավար պետություն ենք, օրենսդիր այս մարմինն էլ է ինքնավար, և սա ժողովրդավարական որոշում էր»:
«Կարծում ենք՝ սա ճիշտ քայլ էր բարոյական տեսանկյունից», - իր հերթին, նշել է Չեխիայի փոխվարչապետ Անդրեյ Բաբիշի «ԱՆՕ» կուսակցության առաջնորդներից Յարոսլավ Ֆալտինեկը՝ հիշեցնելով, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ հարևան Գերմանիան, արդեն իսկ բավական կոշտ ու հստակ դիրքորոշում են հայտնել այս առնչությամբ:
Բանաձևի ընդունումը ողջունել է նաև Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: - «Ցեղասպանության փաստն անհերքելի է, և ես ուրախ եմ, որ մենք ընդունեցինք այս բանաձևը: Անշուշտ, Թուրքիան կարձագանքի, այսօրվա նախագահը, իհարկե, մեծ աղմուկ կբարձրացնի, սակայն մենք մշտապես հանդես ենք եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և այսօր էլ պետք է այդ մասին հիշեցնենք Թուրքիային», - ասել է Շվարցենբերգը, ով ներկայումս ղեկավարում է խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Ընդ որում, ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Պատգամավորների պալատի ընդունած փաստաթուղթը ոչ թե օրենք է, այլ՝ բանաձև, հետևաբար, վերին պալատի` Սենատի կողմից վավերացվելու կարիք չունի։
Ավելի վաղ երկրի նախագահ Միլոշ Զեմանը համայնքի պատմության մեջ առաջին անգամ ցավակցական ուղերձ էր հղել հայերին։ - «Այսօր հիշում ենք 102 տարին այն օրից, երբ հայկական հողի վրա իրականացվեց հայ բնակչության զանգվածային կոտորած», - համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին հասցեագրած ուղերձում նշել էր Չեխիայի նախագահը՝ հիշեցնելով, որ ինքն անձամբ մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի՝ հունիսին, Հայաստան կատարած այցի ժամանակ կատարվածը որակել էր որպես ցեղասպանություն: «Պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք», - գրել էր Միլոշ Զեմանը՝ հավելելով․ - «Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, և պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»:
Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի խոսքով, նախագահի այս դիրքորոշումը էական ազդեցություն է ունեցել խորհրդարանի երեկվա որոշման վրա․ - «Զեմանի միանշանակ գնահատականը, ես կարծում եմ, բավականին լուրջ, որոշիչ դերերից մեկն է ունեցել Ցեղասպանության ճանաչման հարցում, և մենք իրոք շատ երախտապարտ և շնորհակալ ենք Չեխիայի ղեկավարին ազնիվ կեցվածքի համար»:
Թեմային այս օրերին ակտիվորեն արձագանքում էին նաև չեխական լրատվամիջոցները. առաջատար «Չետե 24», «Պրիմա» հեռուստաընկերությունները ոչ միայն ծավալուն ռեպորտաժներ էին պատրաստել ապրիլքսանչորսյան արարողությունների ու ողջ աշխարհում իրականացվող ցույցերի մասին, այլև ստուդիա էին հրավիրել պատմաբանների՝ 1915-ին ու դրանից հետո կատարվածի մանրամասները ներկայացնելու:
Հայաստանի իշխանությունները ողջունել են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Չեխիայում իրականացված այս քայլերը: - «Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ հայտարարության հետ միասին, Չեխիայի արժեքավոր ներդրումն են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։