Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Զինված ապստամբությունները բացառում և մերժում ենք»


Հայաստանում վախի մթնոլորտ չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց 5-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ընդունված օրենքները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր քաղաքացու ազատ, արդար քվեարկել։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, երեկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում մի շարք փաստարկներ բերեցին՝ ցույց տալու համար, թե ինչպես է իշխող ուժը՝ տվյալ դեպքում Հանրապետական կուսակցությունը, ճնշումներ գործադրել ընտրողների վրա՝ հարկադրանքով նրանց տարել ընտրությունների։

Շարմազանով. - Ես այստեղ կարող եմ տալ քաղաքական գնահատական. եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, իսկ հաստատ իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, պարոն Զուրաբյանն այն գործիչներից էր, ով պատմական էր համարում Ընտրական օրենսգրքի ընդունումը, ով առավոտից երեկո՝ օրը մի քանի անգամ, համոզում էր հանրությանը, որ «ունենք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ իշխանությունը, եթե ցանկանա էլ, որևէ հնարավորություն չունի այս ընտրությունները կեղծելու համար»։ Երկրորդ՝ պարոն Զուրաբյանն այն գործիչն է, որը նշեց, որ ցուցակների հրապարակումը գործնականում չեզոքացնում է բոլոր ընտրախախտումների հնարավորությունը։ Ուստի դրանից հետո սեփական ձախողումները փորձել պարտակել՝ այլոց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելով, ես կարծում եմ, որ դա քաղաքական չէ։ Հարգելի պարոն Զուրաբյանի բոլոր պնդումները, քաղաքական առումով, լուրջ չեմ ընդունում։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, երեկ մեր թղթակիցն այցելել էր Լոռու մարզի Փամբակ գյուղ, Փամբակի բնակիչները խոսում էին վախի մթնոլորտի մասին, մարդիկ նշում էին, որ այլընտրանք չունեին և պարտավոր էին ապրիլի 2-ին ձայն տալ իշխող Հանրապետականին, հակառակ պարագայում կամ ոստիկանություն կընկնեին, կամ նրանց աշխատանքից կազատեին։ Այս իրավիճակը Ձեզ համար մտահոգիչ չէ՞, որ նման վախի մթնոլորտ է ստեղծվել այսօր Հայաստանում։

Շարմազանով. - Հայաստանում վախի մթնոլորտ չկա, մեր ընդունած օրենքները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր քաղաքացու Փամբակից մինչև Ագարակ ազատ, արդար քվեարկել։

«Ազատություն». - Որտեղի՞ց է այդ վախը գալիս, այդ դեպքում։

Շարմազանով. - Վախ չկա։

«Ազատություն». - Այդ դեպքում լսեք այդ մարդկանց, տեսեք՝ ինչի մասին են նրանք խոսում։

Շարմազանով. - Ես Լոռու մարզից եմ, Լոռու մարզում վախվորած մարդ չկա։ Ոստիկանությունն ի՞նչ պետք է աներ, կամ ոստիկանությունը ո՞նց պետք է ստուգեր, ոստիկանությանը բոբո եք սարքել, չի կարելի այդպես, չի կարելի Հայաստանում խոսել վախի մթնոլորտի մասին, չկա նման բան, ծիծաղելի է նույնիսկ։

«Ազատություն». - Այն պնդումները, որ այս ընտրությունները եղել են հարկադրանքի միջոցով, որ նաև վերահսկվել են Հանրապետականի կողմից, այսպիսի մի հետաքրքիր մեխանիզմ նաև ձեր գործընկերներից «Ժողովրդի» հետ զրույցում բացահայտել է Հովհաննես Հովսեփյանը։ Նա նշում է, որ ընտրությունները վերահսկվել են, «եղել են դիտորդներ, նրանց հետ եղել են տասնապետեր, տասնապետերն ունեցել են համակարգողներ, այդ համակարգողներն էլ իրենց հերթին ունեցել են իրենց թիմերը»։

Շարմազանով. - Այսինքն՝ ի՞նչ եք ինձնից ակնկալում, այդտեղ անօրինական բան կա՞։

«Ազատություն». - Սա նույնպես չի՞ խոսում վերահսկման կոնկրետ մեխանիզմի մասին։

Շարմազանով. - Ո՛չ, սա խոսում է նրա մասին, որ իշխանությունն ունի քաղաքական կամք և վերահսկում է ոչ թե նրան, որ Հանրապետականին ընտրեն, այլ որպեսզի իշխանությունները որևէ ներկայացուցիչ որևէ հակաօրինական քայլ չկատարի։ Լավ բանը չի կարելի վատ լույսի ներքո ներկայացնել։

«Ազատություն». - Իշխանությունն ինքն իրե՞ն է վերահսկել այս խմբերի՝ տասնապետերի միջոցով։

Շարմազանով. - Իշխանությունը վերահսկել է բոլոր նրանց, ովքեր որ կփորձեին գնալ արջի ծառայության, կամ ովքեր որ կփորձեին իրականացնել անօրինական քայլեր։ Եվ ես կարող եմ վերջնականապես ասել «Ազատություն» ռադիոկայանի սիրելի ներկայացուցիչներին, ունկնդիրներին և հեռուստադիտողներին՝ «մենք կարողացել ենք կազմակերպել լավագույն ընտրությունները»։

«Ազատություն». - Ձեր ընդդիմախոսները նոնսենց են համարում, որ ձեր այն պատգամավորներն, ովքեր անցած հինգ տարիների ընթացքում անգամ մեկ բառ Ազգային ժողովում չեն արտաբերել, հավաքել են 44, 45 հազար ձայն, նույն, օրինակ, Արտակ Սարգսյանը՝ 12 հազար ձայն, Սամվել Ալեքսանյանն իր ընտրատարածքում 42 հազար ձայն է հավաքել։ Ինչպե՞ս կարող են մարդիկ, ովքեր երբևէ որևէ հարց չեն բարձրացրել, որևէ ելույթ չեն ունեցել, որևէ դիրքորոշում չեն արտահայտել երկրի համար կարևորագույն խնդիրների շուրջ, հանկարծ այսպիսի մեծ ձայներով մտնում են խորհրդարան։

Շարմազանով. - Այդ մարդիկ քաղաքական մեկ թիմի անդամ են, և քաղաքական թիմը Հանրապետական կուսակցությունն է։ Այդ մարդիկ շատ ակտիվ են եղել տարիներ շարունակ իրենց ընտրատարածքներում։

«Ազատություն». - Դուք, եթե շարքային քաղաքացի լինեիք, ձայն կտայի՞ք այն պատգամավորին, ով երբևէ որևէ հարց խորհրդարանում չի բարձրացրել։

Շարմազանով. - Մի՞գուցե։

«Ազատություն». - Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչն այսպիսի մի զգուշացում արեց, որ «թեև իրենք դեմ են զինված ապստամբություններին, բայց հաշվի առնելով, որ տարիներ շարունակ՝ գրեթե արդեն 20 տարի ժողովուրդը տեսնում է, որ ընտրությունների միջոցով իշխանություն հնարավոր չէ փոխել, և սա հանգեցնելու է նրան, որ մի օր կրկին զինված ապստամբություններ են լինելու»։ Դուք ունե՞ք այդ մտավախությունը, որ ժողովուրդը տեսնելով, որ իշխանությունը տասնամյակներովչի փոխվում, կարող է գնալ նման քայլի։

Շարմազանով. - Նման հայտարարությունը հուսահատ քաղաքական գործիչների հայտարարություն է, քաղաքական գործիչների, ովքեր այլևս ապրում են բացառապես հիշողություններով, ովքեր իրենց նման հայտարարություններով ապացուցում են, որ իրենք անելիք չունեն առողջ քաղաքական մրցապայքարում։ Սա էլ մեր պատասխանը մեր բարեկամներին։

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք զինված ապստամբությունների հնարավորությունը։

Շարմազանով. - Ոչ միայն բացառում եմ, այլև մերժում եմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG