«Տարոն Մարգարյանի հուսահատության «Գազելից» ելք կա»․ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր այս կարգախոսով շրջեց Նոր Նորքի 7 և 8-րդ զանգվածների բակերում։
«Մենք ձեզ առաջարկում ենք մայիսի 14-ին Երևան քաղաքում իրականացնել շատ պարզ բանաձև․ Երևանում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել արդյունավետ և հաշվետու իշխանությամբ», - բարձրաձայնում էր Փաշինյանը:
Բարձրախոսով դիմելով պատուհաններից իրեն լսող բնակիչներին, Փաշինյանը շեշտում էր՝ իր հետ Մասիվում են «Ելք»-ի ընտրված պատգամավորներն ու թիմի շատ ներկայացուցիչներ, ովքեր եկել են ասելու, որ եթե երևանցիներն ընտրեն «Ելք»-ին, ապա դաշինքը թույլ չի տա գողանալ իրենց տրված ձայները։
«Այստեղ են Նոր Նորքը ընդգրկող համար 1 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանը, Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը, Գևորգ Գորգիսյանը», - հայտարարում էր նա:
Փաշինյանի հետ շրջում էին նաև «Ելք»-ի ավագանու թեկնածուները, ովքեր վստահ էին՝ եթե գան իշխանության, կկարողանան լուծել քաղաքի քառորդ դարի խնդիրները։
«Մենք գալիս ենք փոխելու այն վերելակները, որոնք դուք նստում եք ամեն օր՝ վախվխելով: Մեն գալիս ենք ձեզ վերադարձնելու ձեր հանգստի և առողջության վաստակած կանաչ պուրակները», - հայտարարում էին թեկնածուները:
Նոր Նորքում շրջող ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուն, անցնելով բնակելի շենքերին մոտ գտնվող աղբակույտի, և դատելով գարշահոտից՝ կոյուղու բաց հատվածի կողքով և մատնանշելով օդում սավառնող տոպրակները, եզրակազրեց, որ ըստ գործող քաղաքապետի, Երևանն ավարտվում է Ավան համայնքում։
«Իմ ու Տարոն Մարգարյանի տարբերությունը գիտե՞ք որն է՝ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքը գիտի իր ծառայողական ավտոմեքենայի պատուհանից, իսկ ես Երևանում գործնականում ամեն բակում եղել եմ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Փաշինյանը:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մայրաքաղաքում գրեթե 70 հազար քվե ստացած դաշինքը հույս ունի քաղաքապետի ընտրություններին բազմապատկել այդ ձայները: Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ապրիլի 2-ից հետո հուսահատության սառույցը կոտրվել է․ - «Մեծ թվով քաղաքացիներ անհուսությունից գնացել և տարբեր ադմինիստրատիվ լծակներով կամ ընտակաշառքներով քվեարկել են գործող իշխանության օգտին, մտածելով, որ՝ միևնույնն է, բան չի փոխվելու: Բայց հետո տեսել են, որ ձայնը տեղ է հասնում, տեսել են, որ եթե քվեարկեին՝ դաշինքը ավելի շատ ձայն կունենար, ավելի շատ պատգամավոր կունենար, և մարդիկ սկսել են հավատալ, որ իրենց ձայնը տեղ է հասնում, և նաև հավատում են, որ իրենց ձայնը մենք կարողանում ենք պահել»: