Մատչելիության հղումներ

«Տեսնում ենք Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանն օժանդակելու ԵԱՀԿ ձգտումը». Լավրով


Սերգեյ Լավրովն ու Լամբերտո Զանիերը, Մոսկվա, 25-ը ապրիլի, 2017թ.
Սերգեյ Լավրովն ու Լամբերտո Զանիերը, Մոսկվա, 25-ը ապրիլի, 2017թ.

Հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում` ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը չեն վրիպում պաշտոնական Մոսկվայի ուշադրությունից, երեքշաբթի օրը հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:

«Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ձգտումը` օժանդակել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը: Նաև ականատեսն ենք Անդրկովկասում անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված ժնևյան բանավեճին ԵԱՀԿ դրական մասնակցությանը: Այդ բոլոր ուղղություններում կարգավորման ճանապարհին բավական լուրջ խոչընդոտներ են առկա: Այնուհանդերձ, [կարգավորման գործընթացներում] ներգրավված բոլոր արտաքին խաղացողները հակված են պայմաններ ստեղծել` հակամարտություններում անմիջականորեն ներգրավված կողմերի միջև փոխզիջումների որոնման համար», - հայտարարում էր Լավրովը` տեղեկացնելով նաև, որ Լամբերտո Զանիերի այցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ համագործակցությունն այն կազմակերպությունների հետ, որոնցում առաջատար դիրք է զբաղեցնում հենց պաշտոնական Մոսկվան:

«Պարոն Գլխավոր քարտուղարն այսօր այցելել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կենտրոնակայան, և մենք ողջունում ենք այդ համագործակցությունը: Դրա նպատակներից մեկը Կենտրոնական Ասիայի պետություններին ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցում օժանդակություն ցուցաբերելն է», - հայտարարում էր Լավրովը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մոսկովյան այցին նախորդեց Դոնբասում տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Հիշեցնենք, կիրակի օրը Լուգանսկի մարզում` ճամփեզրին տեղադրված ականի պայթյունի հետևանքով զոհվեց ԵԱՀԿ մոնիտորինգի հատուկ առաքելության ամերիկացի աշխատակիցներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ ստացան:

«ԵԱՀԿ-ն արդեն իսկ ներքին հետաքննություն է սկսել: Չնայած ողբերգական այս դեպքին, մեր կազմակերպությունը շարունակելու է աշխատել Ուկրաինայի տարածքում: Ամեն դեպքում, մենք ավելի լուրջ ուշադրություն կդարձնենք անվտանգության ապահովմանը», - հայտարարում էր Զանիերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG