Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ Դեպի Ռուսաստան երթուղիների պաստառները «արտագաղթի հայտարարություններ են»


Առավոտյան ութին Զարուհի Փոստանջյանը Շենգավիթում է, քաղաքապետի թեկնածուն կուսակիցների հետ Նժդեհի հրապարակի կանգառներով է անցնում, հաշվում երթուղայիններում կանգնած, կքած ուղևորներին:

«Քաղաքի պատկերն է, և քաղաքային իշխանությունների «արդյունավետ» գործունեությունն է», - մեկնաբանեց ընդդիմադիր գործիչը:

Հրապարակի կանգառներում կուտակումներ էին, աշխատանքի շտապող ուղևորները չէին կարողանում գերածանրաբեռնված միկրոավտոբուսները բարձրանալ:

Զարուհի Փոստանջյանը կարծիքով՝ երևանյան տրանսպորտը միայն վիրահատական միջամտությամբ հնարավոր կլինի կարգի բերել․ - «Այն, ինչ որ տեղի է ունեցել այս քսան տարիների ընթացքում, այլևս անթույլատրելի է, որովհետև քաղաքակիրթ պետության պահանջներին չի համապատասխանում: Նաև այն գումարները, որ մենք տրամադրում ենք տրանսպորտի շահագործման համար փաստացի ուղղակի յուրացվում և վատնվում են: Եվ հիմնահատակ պետք է փոխվի քաղաքականությունը»:

Քաղաքապետի թեկնածուն չի ընդունում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հակափաստարկը, թե «Գազել»-ները նոր ավտոբուսներով փոխարինելու, տրամվայը վերականգնելու համար քաղաքային բյուջեն չի բավարարում․ - «Երբեք փող չի լինի՝ եթե դու զբաղվելու ես գողությամբ, յուրացմամբ և չարաշահումներով: Այդ հնարավորությունները կան, բայց այդ հնարավորությունները չեն թույլ տալիս, որպեսզի մենք օգտագործենք, որովհետև մենաշնորհ է՝ գծատերերը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են և այդ գումարները իրենց են յուրացնում: Այդ թվում նաև Տարոն Մարգարյանը»:

Շենգավիթ համայնքում «Երկիր Ծիրանի» կուսակցության երթի ժամանակ քաղաքային այլ խնդիրներ էլ ջրի երես դուրս եկան, որոնք մատնացույց արեց Փոստանջյանը․ - «Տեսնում եք ինչպես է աղբը թափված գետիններին: Միգուցե երեկոյան համաձայնվենք, որ կարող է այսպիսի վիճակում լինի, բայց առավոտ շուտ արդեն պետք է մաքուր լիներ, և քաղաքացիները մաքուր միջավայրում պետք է քայլեին»:

Գետնանցումի պատերին Փոստանջյանը Ռուսաստան տեղափոխող երթուղիների պաստառները նկատեց․ - «Սարսափելին այն է, որ բացի այն, որ արտագաղթի հայտարարություն է, և այս հակահիգիենիկ պատկերը նաև քաղաքային իշխանությունների դեմքն է»:

Նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքապետարանը ՀՀԿ-ականներից ազատագրելու ծրագրով է պայքար մտել, քաղաքապետի թեկնածու Փոստանջյանին ընտրողները գիտեն՝ 10 տարվա պատգամավոր է:

«Բարի հաղթանակ», - Փոստանջյանին մաղթեց մի երևանցի․ - «Որ էլ էստեղ չկանգնեմ ես: Որ դրանից հետո լավ ըլնենք»:

Մեկ այլ երևանցի հոռետես էր․ - «Մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ լինի, բայց վիճակը միևնույն ա չի փոխվելու․․․»

Զարուհի Փոստանջյանի թիրախը իշխող Հանրապետականն է ու կուսակցության թեկնածուն՝ Տարոն Մարգարյանը: Քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր գործիչը հարցնում է՝ որտեղի՞ց քաղաքապետին միլիոնավոր դոլարների ունեցվածք, եթե ողջ կյանքում միայն պետական պաշտոններ է զբաղեցրել․ - «Հատ առ հատ պետք է հրապարկվի, թե որտեղից իրեն այդ եկամուտները, որ նա ձեռք բերեց այդպիսի գույք: Մենք տեսնում ենք հիմա ինչ է կատարվում Երևանում: Իհարկե մեր հանրային միջոցների հաշվին է այդ գույքը ձեռք բերվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG