Մատչելիության հղումներ

Իոաննիսյանի ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու դեպքով հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները ապօրինի հավաքելու և լրատվության միջոցով տարածելու դեպքի առթիվ:

Ըստ հաղորդագրության, ուսումնասիրվել է 2017-ի մարտին մամուլում հրապարակված «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» խորագրով հոդվածը, որում առկա են Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ:

Սահմանադրության 31-րդ հոդվածն ամրագրում է մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը, ըստ որի, յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Իսկ Սահմանադրության 34-րդ հոդվածը երաշխավորում է անձնական տվյալների պաշտպանությունը՝ արձանագրելով, որ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք, իսկ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

«Նկատի ունենալով, որ Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու, հավաքելու, նաև ԶԼՄ-ներով տարածելու համար, իսկ վերոնշյալ հոդվածում առերևույթ հրապարակվել են քաղաքացիական ակտիվիստի ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններն առանց նրա համաձայնության՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով [անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը]», - հայտնում է կոմիտեն՝ նշելով, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG