Մատչելիության հղումներ

Կառավարությունը կարող է 1․2 միլիարդ դոլարի նոր պարտք վերցնել


Հայաստանի կառավարությունը մտադիր է 1 միլիարդ 234 միլիոն դոլար նոր պարտք վերցնել:

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության համաձայն, ապրիլի 29-ին Ֆինանսների նախարարությունը թողարկելու է 600 միլիարդ դրամի պարտատոմսեր: Նման աննախադեպ ծավալով նոր պարտք իշխանությունները նախատեսում են վերցնել երեք չափաբաժնով՝ յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի պարտատոսմեր են: Առաջին մասը Հայաստանի քաղաքացիները պետք է մարեն 2020 թվականին և հավելյալ վճարեն 8 տոկոս, երկրորդը մարվելու է 2022-ին՝ 9 տոկոս հավելավճարով, իսկ երրորդ չափաբաժինը մարվելու է 2037 թվականին՝ 12.5 տոկոս հավելավճարով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Կառավարությունն, այնուամենայնիվ, ավելի շատ գումար կներգրավի․ - «Ես հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը միայն 600 միլիարդ չի վերցնելու: Ինքը հավանաբար տեսանելի ապագայում անընդհատ էլ պարտք ներգրավելու է ներքին շուկայից»:

Միևնույն ժամանակ Մարգարյանն ընդգծեց՝ ճի՛շտ է, Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 600 միլիարդ դրամի պարտատոմս վաճառել, սակայն չի պատրաստվում գնալ նման քայլի, իսկ վաճառքի համար նախատեսված պարտատոմսերը գնորդներին առաջարկելու է առաջիկա 4 տարիներին․ - «Մենք այդ 600 միլիարդ դրամը չենք նախապատրաստվում տեղաբաշխել շուկայում: Դա ուղղակի հայտարարություն է, այսպես ասած, մեր ծավալները չսահմանափակելու վերաբերյալ»:

Սակայն այստեղ հարց է առաջանում՝ եթե Կառավարությունը մտադիր չէ վաճառել 600 միլիարդ դրամ պարտատոմսեր, ինչո՞ւ է պաշտոնապես նշել այդ թիվը: Պաշտոնյան բերեց 2016 թվականի օրինակը․ - «16 թվականի պետական բյուջեով նորից դրված էր 42 միլիարդ դեֆիցիտի զուտ ֆինանսավորման թիվ: Կառավարությունը այդ թիվը չորս անգամ ավելի տեղաբաշխեց, 170 միլիարդ մոտավորապես դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով միջոցներ ներգրավվեցին ներքին շուկայից»:

Ուստի, ըստ Արշալույս Մարգարյանի, խորհրդակցելով նաև միջազգային գործընկերների հետ, այս անգամ ավելի մեծ թիվ են գրել: Դեռ ավելին՝ առաջիկայում կարգը փոխվելու է, և թողարկվելիք պարտատոմսերի գումարային չափը ընդհանրապես չի գրվելու:

Ֆինանսների նախարարության տվյալներով, 2008-2016 թվականների ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 3 անգամ (2008-ին պետական պարտքը 1 միլիարդ 906 միլիոն դոլար էր, 2016-ին՝ 5 միլիարդ 942 միլիոն): Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան միջինը կուտակել են գրեթե կես միլիարդ դոլար պարտք:

Փետրվարին լրագրողների հանդիպմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է կուտակել ևս 350 միլիոհ դոլար պարտք:

Այսօր Արշալույս Մարգարյանն ավելի հեռուն գնաց և ասաց, որ, իր կանխատեսմամբ, առաջիկա չորս տարիներին պետական պարտքը կաճի տարեկան մոտավորապես 400 միլիոն դոլարով․ - «Մոտավոր այսօրվա պարտքին տարեկան 200 միլիարդ գումարեք»:

Ըստ Ֆինանսների նախարարության, այս մարտի վերջի դրությամբ պետական պարտքը կազմում էր 5 միլիարդ 996 միլիոն դոլար:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, պատրաստվելով նման ծավալի պարտք վերցնել՝ իշխանությունները պարզապես խոստովանում են, որ տնտեսությունը չի աշխատում և գումար հայթայթելու համար ստիպված պարտք են վերցնում․ - «Գիտեինք, որ վիճակը վատ է, գիտեինք, որ իսկապես պետական պարտքի հետ կապված սկսած եկող տարվանից պետք է խնդիրներ առաջանար, որովհետև 19 և 20 թվականներն են ամենածանր տարիները, երբ որ պետք է Հայաստանի իշխանությունները 700 միլիոն դոլար վճարեն թողարկված եվրոբոնդերի ամբողջական վճարելու համար: Իսկ հիմա պարզվում է, որ վիճակը շատ ավելի վատ է: Ոչ թե մենք 19-20 թվականներին ենք վատ վիճակում հայտնվելու, այլ այսօր ենք այդ վիճակում հայտնվել»:

Խաչատրյանը հիշեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անցած հոկտեմբերին դոֆոլտի մասին արած հայտնի հայտատարությունը․ - «Ես փորձում էի խուսափել դրանից, բայց քանի որ իրականությունից չես կարող խուսափել․․․ Իրականում սա նշանակում է, որ դեֆոլտ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG