Հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կհայտնվեն առաջնագծում, օբյեկտիվորեն բարձր է: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, բանակում արդարությունը վերականգնելու մասին հարցին ի պատասխան, այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա պնդեց նաև, որ չգիտի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում, քանի որ «օլիգարխ» իրավական հասկացություն չկա:
«Եթե մենք ելնում ենք նրանից, որ մեր հասարակության կեսը, ինչպես երբեմն ասում են մեր ընդդիմադիր ուժերը, և կեսից ավելին, ծայրահեղ անքատ է, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ առաջնագծում ծառայող երիտասարդների առնվազն կեսը ևս ծայրահեղ աղքատ ընտանիքներից է:
Հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի երեխան հայտնվելու է առաջանագծում, ի սկզբանե օբյեկտիվորեն ավելի բարձր է, որովհետև ավելի ապահով ընտանիքի երեխան ավելի հավանական է, որ ընդունվել է ԲՈւՀ: Երբ ինքը գալիս է հավաքակայան, ինքը ունի նախընտրություն ուսումնական զորամասի, մասնագիտական ծառայության՝ տանկիստ, հրետանավոր և այլն, և հնարավորությունը, որ նա կհայտնվի առաջնագծում, խրամատում, ավելի ցածր է, օբյեկտիվորեն, մինչև վիճակայանությունը»,- ասաց պաշտպանության նախարարը:
Օրեր առաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Արդյո՞ք այս նշանակումից հետո Ռուսաստանի գլխավորած ռազմական այդ դաշինքն ավելի հասցեական կարձագանքի կազմակերպության անդամ Հայաստանի դեմ գործողություններին: Այս հարցին ի պատասխան, պաշտպանության նախարարը նշեց՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունները ևս «ադեկվատ էին»:
«Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալը, ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ, միաժամանակ, կարա խնդրի բարդացում լինի, որովհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ քաշ և այլ ընկալում ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ պոտենցիալ, արվելիք հայտարարություն: Հասկանալի է չէ՞, որովհետև շատերի համար ընկալումը լինեու է, որ դա Հայաստանի քաղաքացի է՝ բա ինչ պիտի ասեր: Թեև ինքը, որպես Հայաստանի քաղաքացի չի այդ պաշտոնում, ինքը միջազգային չինովնիկ է և ունի իր սահմանափակումները, իր կարգավորումները»,- մանրամասնեց նախարարը:
Խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի ցուցակը գլխավորած Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ևս կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը․ «Ուզում եմ շարունակել՝ ծառայել իմ երկրին պաշտպանության նախարարի պաշտոնում: Ես կարծում եմ, որ իմ կուսակցությունը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ինձ թույլ կտա, հնարավորություն կտա՝ դա անելու: Կարծում եմ, որ սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ օգտակար լինել և փորձելու եմ ամեն ինչ անել՝ այդ օգտակարությունն առավելագույնի հասցնելու: Եթե հաջողեմ՝ կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը»:
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը պատասխանեց․ «Եթե լիներ որոշում, որե ենթակա է հանրայնացման, մենք հաստատ ձևը կգտնեինք՝ դրա մասին խոսելու: Եթե չենք խոսել, ուրեմն այս պահին հանրայնացման ենթակա որոշում չկա»:
Շուրջ մեկ ամիս առաջ Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներին ասել էր, որ սպառազինությունների համար Ադրբեջանի ծախսած միջոցները տարածաշրջանում հանգեցրել են հավասարակշռության լուրջ խախտման: Հայաստանյան լրագրողներին պաշտպանության նախարարն այսօր ասաց՝ ռազմական ձեռքբերումների մասին միշտ չէ, որ պետք է հայտարարել:
«Եթե մենք նույնիսկ բալանսավորել և անցել ենք հակառակորդին ինչ-որ բաներում, շատ ավելի ձեռք է տալիս մեզ՝ ցույց տալ, որ մենք չունենք այդ միջոցները: Եթե չենք բալանսավորել, մեզ ձեռք է տալիս՝ չխոսել դրա մասին, որպեսզի հակառակորդի մոտ գայթակղություններ չառաջացնենք»,- ասաց Սարգսյանը:
Երեկ նա «Ազգ-բանակ-2017» համաժողովին ներկայացրել էր զինծառայության երկու նոր ծրագիր: Առաջնագծում հատուկ պայմաններով ժամկետային զինծառայություն նախատեսող «Ես եմ» և ուսանողներին վճարովի սպայական ծառայություն առաջարկող «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ քննարկումներն, ըստ նախարարի, կամփոփվեն մինչև աշուն:
Սարգսյանը վստահեցնում է՝ իրենք հանրությունն ավելի ռազմականացնելու խնդիր չունեն․ «Բեռի ավելացում քաղաքացու համար իմ առաջարկած ծրագրերը չեն ենթադրում: Զինծառայողների ընդհանուր թվի ավելացում ևս չեն նախատեսում: Դրանք ընդամենը եղած զորահավաքային և զորակոչային ռեսուրսի ավելի արդյունավետ կառավարման առաջարկներ են: Եթե հասարակությունն ասի, որ դա պետք չի, որովհետև դա հանկարծ կարող է սոցիալական անարդարության ինչ-որ նոր ընկալում ստեղծի, չենք անի, գումարները չենք հայթայթի, կշարունակենք ծառայել ինչպես ծառայել ենք մինչև հիմա»:
Ռազմական գերատեսչության ղեկավարի ասուլիսին այսօր ներկա էին նաև դեռևս գործող խորհրդարանի հանձնաժողովների հանրապետական նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ իր տեղակալների պաշտոնում «վաղեմի բարեկամների» նշանակման հարցն արդեն լուծված է, իսկ պաշտոնապես դա տեղի կունենա Ազգային ժողովում նրանց լիազորությունների ժամկետի ավարտից հետո: