Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։
«Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվեւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով քննության արդյունքների մասին տեղեկացնել լրացուցիչ։