Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում


Վրաստան - «Վրացական երազանք» կուսակցության համագումարը, արխիվ
Վրաստան - «Վրացական երազանք» կուսակցության համագումարը, արխիվ

Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք»-ը, սահմանադրական փոփոխություններ է առաջարկում: Ըստ նախագծի՝ երկրի նախագահը ընտրվելու է ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկության, այլ ընտրական կոլեգիայի 300 անդամների կողմից՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում, հինգ տարի ժամկետով: Նախագահի լիազորությունները, որոնք հիմա էլ սահմանափակ են, ավելի կսահմանափակվեն:

Վրաստանի ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին քննադատել է սահմանադրական փոփոխություններով նախատեսվող՝ թե՛ նախագահի անուղղակի ընտրության, թե՛ լիազորությունները սահմանափակող դրույթները: «Իսկ ամենասարսափելին այն է, որ երկիրը փաստորեն չի ունենա գերագույն գլխավոր հրամանատար», - ասել է նա:

Մարգվելաշվիլին դրական է գնահատել մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու առաջարկը: Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով: Բայց այստեղ ևս, Մարգվելաշվիլիի կարծիքով, անորոշ կետեր կան: Մասնավորապես, նա անհասկանալի է համարել այն դրույթը, ըստ որի՝ հաղթած կուսակցությունը, եթե անգամ հաղթանակի է հասել ընդամենը մեկ տոկոսի առավելությամբ, ստանալու է բոլոր չբաշխված քվեները:

«Վրացական երազանք»-ը առաջարկվող փոփոխությունների նախագիծը Սահմանադրական հանձնաժողովում քվեարկության է դնելու ապրիլի 22-ին:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները որպես անհամաձայնության նշան դուրս են գալիս հանձնաժողովի կազմից: Երեկ հանձնաժողովից դուրս գալու մասին հայտարարեցին «Եվրոպական Վրաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ավելի վաղ ընդդիմադիր չորս այլ կուսակացություններ դուրս էին եկել հանձնաժողովից: Լեյբորիստական կուսակցությունը հայտնել է, որ որոշումը կընդունի քվեարկության օրը՝ ապրիլի 22-ին․ նաև այդ կուսակցության դուրս գալու դեպքում Սահմանադրական հանձնաժողովում կմնա միայն «Վրացական երազանք»-ը:

Ընդդիմադիրների հիմնական դժգոհությունը երկրի նախագահին ընտրելու ուղղակի քվեարկությունը վերացնելու դրույթն է: Սահմանադրական հանձնաժողովը աշխատանքը գործնականում ավարտել է, ապրիլի 22-ից հետո նախագիծն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու համար, իսկ ապրիլի 30-ից նախատեսվում է այն շրջանառության մեջ դնել Վրաստանի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG