Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի համոզմամբ, անհետացած ռուս զինծառայողի պարագայում ևս խախտվել է միջպետական պայմանագիրը


Ռուսական ռազմակայանը Գյումրիում, արխիվ
Ռուսական ռազմակայանը Գյումրիում, արխիվ

Շիրակի մարզի դատախազի խոսքով, ռուս զինծառայողի անհետացման փաստով նյութեր են նախապատրաստվել, ուստի՝ փորձաքննության եզրակացությունից հետո միայն պարզ կդառնա՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե ոչ:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովը, որին ապրիլի 16-ից փնտրում էին, երեկ երեկոյան հայ իրավապահների կողմից հայտնաբերվել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասի շենքերից մեկի բակում: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ նա եղել է սթափ վիճակում, առանց տեսանելի մարմնական վնասվածքների:

«Գտնվել է իր համածառայակիցներից մեկի բնակարանում, ընդամենը ցանկացել է մի երկու օր բնակվել այնտեղ: Նրա վրա արտաքինից որևէ տեսանելի մարմնական վնասվածք առկա չի եղել, գտնվել է սթափ վիճակում: Ավելին՝ բացատրությամբ հավելել է, որ իր նկատմամբ որևէ մեկի կողմից սպառնալիքեր, դաժան վերաբերմունք կամ այլ անօրինական գործողություններ չեն կատարվել և՛ բազայի տարածքում, և՛ բազայի տարածքից դուրս»,- ասաց դատախազը:

2 օր շարունակ ռուսական ռազմաբազան իր ուժերով է փնտրել պայմանագրային զինծառայողին, սակայն, անարդյունք: Դրանից հետո միայն զորամասի հրամանատարը դիմել է հայ իրավապահների օգնությանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մատնանշելով դեռ 1997-ին կնքված ու մի քանի անգամ լրամշակված հայ- ռուսական միջպետական պայմանագիրը, ասում է՝ ռուսական կողմը հերթական անգամ խախտել է այն:

«Այն, որ ռուսական կողմն իր զինծառայողի անհետանալու մասին Հայաստանի իրավապահ մարմիններին հայտնում է 2 օր հետո, ուղղակի խախտում է հայ-ռուսական պայմանագրի այն դրույթը, որի համաձայն, նման դեպքերում անհապաղ պետք է տեղեկացնեն իրավապահներին»,- համոզմունք հայտնեց իրավապաշտպանը:

Երեք տարի առաջ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանդից հետո ռուսական կողմը դասեր չի քաղել, ասում է Սաքունցը․ «Ցավոք սրտի, ոչ մի հետևություն չեն արել: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում ընդհանուր իրավիճակը, որը կարող ենք բնութագրել «վասալային», կարող եմ միայն դրանով պայմանավորել․․․ որ ինքը չի դիտարկում Հայաստանը, որպես հավասար կողմ, դրանով պայմանավորված՝ [ռուսական կողմը] ունի արհամարական վերաբերմունք»:

Ռուս զինծառայողի որոնման աշխատանքներում ներգրավված են եղել ոստիկանական մեծաթիվ ուժեր: Երեկ որոնողներին է միացել նաև զինվորական մի ուղղաթիռ, որը մի քանի շրջապտույտ է կատարել քաղաքի, նաև ռազմաբազայի օդային տարածքում: Թեև ի սկզբանե նշվում էր, որ ռուս զինծառայողը զինված չէ ու քաղաքացիական հագուստով է, Սաքունցը տարակուսում է՝ այդ դեպքում նրա որոնողական աշխատանքներն ինչո՞ւ էին այդքան մեծածավալ, հարց է տալիս իրավապաշտպանը: «Եթե նման ռեսուրսներ են ներգրավում որոնողական աշխատանքներում, դա վկայում է այն մասին, որ նա առնվազն զինված է եղել, վտանգի աստիճանը շատ ավելի մեծ է եղել, քան փորձել են ներկայացնել»,- պնդում է նա:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն «Ազատությանը» տեղեկացրեց նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ու քանի որ ռուս զինծառայողի անհետացման փաստով նյութեր են նախապատրաստվել, ուստի, դատախազի խոսքով, փորձաքննության եզրակացությունից հետո միայն պարզ կդառնա՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե ոչ:

Արթուր Սաքունցի պնդմամբ՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման պարտավորություն ունեցող ՀՀ իշխանությունները համարժեք գործողություններ չեն իրականացնում՝ «Հայաստանի իշխանությունը հետամուտ չի միջպետական պայմանագրով սահմանված այն դրույթի ապահովմանը, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքին, առողջությանը և անվտանգությանը: Այսինքն՝ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունը չի կատարում իր քաղաքացիների առջև ստանձնած պարտականությունը, համարժեք գործողություններ չի իրականացնում՝ ապահովելու, կանխելու վտանգները»:

Գյումրիի ռուսական ռազմաբազայում գրեթե ամեն տարի նման աղմկոտ միջադեպեր են գրանցվում: Վերջին անգամ 8 ամիս առաջ Ոսկեհասկ գյուղի բնակիչներն էին մի ռուս զինծառայողի հայտնաբերել: Վերջինս ասել էր, թե ցանկանում է Թուրքիա գնալ: Ռուսական ռազմաբազայի զինծառայող, ծառայության վայրը լքած Վալերի Պերմյակովն էլ անցած տարի ցմահ ազատազրկման դատապարտվեց՝ գյումրեցի Ավետիսյանների սպանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG