Մատչելիության հղումներ

Հուսահատ քաղցրաշենցիները դարձյալ խաղողի պարտքի մարում են պահանջում


Խաղողագործ գյուղացի Հայաստանում, արխիվ
Խաղողագործ գյուղացի Հայաստանում, արխիվ

Գյուղնախարարը հակադարձում է՝ խաբված գյուղացիներին վճարելը կառավարության գործը չէ:

Ճանապարհներ փակելուց մինչև երեխաներին, որպես բողոքի գործողություն, դպրոց չուղարկած քաղցրաշենցիներն այսօր ևս հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, ինչպես 2015 թվականից ի վեր՝ տասնյակ անգամներ։ Պահանջում էին մարել պարտքերը: «Մենք ապրելու խնդիր ունենք, հիմա գնամ գողություն անե՞մ»,- ասում էր հավաքվածներից մեկը:

Երկու տարի առաջ տոննաներով խաղող մթերած «Վինար» ընկերությունը մինչ օրս չի վճարել Քաղցրաշեն գյուղի բնակիչների հանձնած խաղողի գրեթե 50 միլիոն դրամի պարտքը։ Կառավարության այսօրվա նիստից հետո քաղցրաշենցիները լարված զրույց ունեցան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ։

«Դուք գյուղնախարարն եք, մենք մեր ապրանքը հանձնել ենք, մեր փողն ենք ուզում»,-խաղողագործներից մեկի այս խոսքին, նախարարը պատասխանեց․ «Ումի՞ց եք պահանջում, ի՞նձ եք հանձնել: Չի կարա կառավորությունը փողը վերցնի, բերի տա ձեզ, ասի՝ «Վինար»-ը ձեզ խաբելա, ոչինչ: Կա դատական ճանապարհ, տվել ենք դատի, հիմա կդատվի, կնստի, ինչ կգտնենք, ինչ կտանք, էդ ա»: «Ինքը չի դատվի․․․»,- հակադարձեցին զայրացած խաղողագործները:

Գյուղացիների առաջարկը՝ կառավարության պահուստային ֆոնդից փակել «Վինար» ընկերության պարտքը, Առաքելյանի համար ընդունելի չէ, ասում է՝ բացասական նախադեպ կարող է ստեղծվել, եթե կառավարությունն իր վրա վերցնի մասնավոր ընկերության պարտքի մարումը՝ «Իմ գործառույթը չի՝ ես գյուղացու փողը վերադարձնեմ»:

Երկար ու աղմկոտ զրույցից հետո Իգնատի Առաքելյանը միայն խոստացավ հարցը քննարկել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ինչից հետո գյուղացներին կտեղեկացնեն՝ ինչպես է մարվելու նրանց պարտքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG