Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Ռուսաստանաբնակ գործարարը չի ֆինանսավորում «Երկիր ծիրանին»


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հերքում է, թե ռուսաստանաբնակ գործարար, «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանն է ֆինասնավորում իր ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Մամուլն այսօր գրել է, թե Փոստանջյանը միլիարդների կարողություն ունեցող գործարարի հետ համագործակցում է դեռ անցած տարվանից:

Նշենք, որ «Ռուցոգ ինվեստ»-ը Ռուսաստանում զբաղվում է բնակելի և կոմերցիոն շենքերի շինարարությամբ։

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյան
Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյան

Փոստանջյան. - Նախ պետք է ասեմ, որ, իհարկե, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկեր-բարեկամն է, և հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ով մեծ մտավորական է նաև։ Ոչ միայն գործարար է, այլ նաև ղեկավարում է և ստեղծել է, հիմնադրել է թանգարան Մոսկվայում, և իմ ընկերն է։ Բայց, ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կարող եմ ասել, որ մենք աջակցություն կարող ենք ստանալ ցանկացած հայից, որովհետև մեզ ցանկանում են աջակցել բազմահազար հայեր, և այդ մասին նրանք նաև հայտնում են մեզ հենց կուսակցության հիմնադրման օրվանից՝ աշխարհի տարբեր ծայրերից, այնպես որ, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկերն է, բայց ֆինանսական տեսանկյունից մենք կարող ենք աջակցություն ակնկալել և ստանալ բազմաթիվ հայերից՝ աշխարհի տարբեր ծայրերից։

«Ազատություն». - Բայց նրանից նույնպե՞ս ֆինանսական աջակցություն ստացել եք։

Փոստանջյան. - Ո՛չ, նրանից մենք ֆինանսական աջակցություն չենք ստացել, բայց ինքն իմ լավագույն ընկերներից մեկն է։

«Ազատություն». - Նա ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։ Նորից ընդդիմադիր հայացքներ ունի՞ ինչպես Դուք, նա կիսո՞ւմ է Ձեր ընդդիմադիր հայացքները։ Որովհետև սովորաբար ռուսաստանաբնակ գործարարները իշխանամերձ են լինում։

Փոստանջյան. - Կարծում եմ, որ Դուք տեղեկացված եք, որ նրա կողմից հրապարակվեց մի հայտարարություն, որը վերաբերվում էր Հայաստանի գործող իշխանություններին։ Իհարկե նա այստեղ նաև իր բարեգործություն է իրականացրել, բայց միայն բարեգործություններով հնարավոր չէ երկիրը ուղղել կամ շտկել, կամ տնտեսական վիճակը բարելավել։ Նա հասկանում է, որ քաղաքական համակարգը պետք է փոխվի, և այդ մասին նա նաև հրապարակավ ելույթ է ունեցել։

«Ազատություն». - Նա որևէ առումով կապ չունի՞ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև գաղափարական։

Փոստանջյան. - Նա լավագույն ընկերն է, կարծում եմ նաև իմ գաղափարական հայացքները կկիսի, որովհետև մենք իր հետ ընկերներ ենք և խոսել ենք այս ամենի մասին։

Հիշեցնենք, որ երբ անցած ամիս վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից երեք տասնյակից ավելի գործարարների, այդ թվում՝ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասնակցությամբ հայտարարեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ստեղծելու մասին, Ռուբեն Գրիգորյանը բաց նամակով հակադարձեց, թե «հսկայական ռուսական սփյուռքը մի քանի տասնյակ հայերը չեն»:

«Ռուցոգ Ինվեստ»-ի նախագահը նաև սուր քննադատության ենթարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասելով, թե նրա ֆենոմենը կայանում է նրանում, որ գեղեցկատես արտաքինի ներքո մարդկանց աչքերին թոզ է փչում՝ մոլորեցնելով իր իսկ ժողովրդին:

«Ճիշտ չէ, երբ ցանկացած բիզնեսմենի, չունենալով այլ հիմնավորում, առաջարկում են, այսպես կոչված, տանիք` մարզպետների, նախարարների և վարչապետի, իսկ վերջում` նախագահի ու կաթողիկոսի մակարդակով՝ հովանավորչություն, իհարկե, բիզնեսում փայաբաժին ունենալու և եկամուտները կիսելու դիմաց: Այսինքն` օրենքները չեն աշխատում, Սահմանադրությունը գրված է ոչ բոլորի համար», - ընդգծել էր գործարարը։

Ի դեպ, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուբեն Գրիգորյանը «Ռեգնումին» տված հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել իշխող ուժին, ասելով, թե՝ «այդ Հանրապետականը նորից իշխանության կգա, չնայած որ արդեն 20 տարի է՝ ղեկավարում է երկիրը և այդ ընթացքում որևէ լավ բան տեղի չի ունեցել՝ մարդիկ չքավոր դառնալով լքում են երկիրը»:

«Նրանք նորից կգան իշխանության, քանի որ դրանք ոչ թե ընտրություններ են, այլ մի ինչ-որ ահավոր գործընթաց: Դրանք քաղաքակիրթ ընտրություններ չեն, նրանք այդ գործի վարպետներն են, այդ իսկ պատճառով էլի կգան իշխանության», - իշխող Հանրապետականի մասին ընտրություններից առաջ ասել էր ռուսաստանաբնակ հայ գործարարը:

Չթաքցնելով, որ Ռուբեն Գրիգորյանը իր լավ ընկերն ու նաև կիսում է իր գաղափարները, Զարուհի Փոստանջյանն, ամեն դեպքում, հերքում է, թե այդ գաղափարները կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն է ստանում մեծահարուստ գործարարից: «Երկիր Ծիրանիի» ղեկավարը, սակայն, չի թաքցնում՝ իր կուսակցությունը աջակցություն է ստանում հայկական սփյուռքից: Ընդ որում, Փոստանջյանը շեշտում է՝ իրենց ֆինանսավորողները Հայաստանի քաղաքացիներ են:

«Ազատություն». - Տիկին Փոստանջյան, պարզ է, որ այսօր քաղաքականությունը, կուսակցություն պահելը բավականին լուջ ֆինանսներ է պահանջում, և նաև առաջիկայում ավագանու ընտրություններն են, նորից բավական գումարներ անհրաժեշտ կլինեն, որտեղի՞ց եք հայթայթում այդ գումարները։

Փոստանջյան. - Համայն հայությունը հետաքրքրված է՝ ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, և երբ մենք ներկայացրեցինք մեր քաղաքական հայտը, ապա աջակցության վերաբերյալ հայտերն, իրենց կողմից հայտարարությունները և կապը բազմաթիվ է, նրանք ցանկանում են մեզ աջակցել և պատրաստ են այդ աջակցությունը ցուցաբերել։ Ես ստանում եմ տարբեր հեռախոսազանգեր և նամակներ, մեր հայրենակիցները իրոք սրտացավ են մեր հայրենիքով և հասկանում են՝ եթե այս պահին հայրենիքին սատար չկանգնեն՝ հենց քաղաքական տեսանկյունից, քաղաքական գործընթացների մեջ չներգրավվեն, ապա մենք հնարավոր է նաև կորցնենք մեր հայրենիքը։

«Ազատություն». - Հիմնականում Սփյուռքի՞ց են ձեզ ֆինանսավորողները։

Փոստանջյան. - Մեր սփյուռքահայ հայրենակիցներն, ովքեր ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այո՛, պատրաստ են մեզ աջակցել։​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG