Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Սյունիք Ազատ տնտեսական գոտի» ընկերությունների միջև այսօր կնքվել է Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը։
Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջի, պայմանագիրը ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը և ընկերության տնօրեն Էդուարդ Ղուկասյանը։
«Պայմանագրի առարկան են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ԱՏԳ կազմակերպման, ԱՏԳ ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները», - ասված է հաղորդագրությունում:
Մեկնարկը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի կեսերին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 միլիոն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-ից 400 միլիոն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2 հազար 500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-ից 100 միլիոն դոլար: