Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեմ չէ Աբխազիայով Հայաստան տարանցիկ հաղորդակցության վերականգնմանը․ Լավրով


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հանդիպումը Սուխումիում, 19-ը ապրիլի, 2017թ․
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հանդիպումը Սուխումիում, 19-ը ապրիլի, 2017թ․

Ռուսաստանը դեմ չէ, որ բացվի տարանցիկ հաղորդակցությունը Աբխազիայով դեպի Հայաստան, և որևէ առարկություն չունի, որ բեռների փոխադրումը Հայաստանի և Աբխազիայի միջև վերականգնվի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սուխումիում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո։

Ավելին, այդ հաղորդակցության վերականգնման համար, Լավրովի խոսքով, կա անհրաժեշտ իրավական հիմք։ Մասնավորապես, խոսքն այն պայմավորվածությունների մասին է, որ ձեռք էին բերվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին։

«Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները շահագրգռված են այս հարցում, այսօր նաև Աբխազիայի նախագահն է ասել, որ չեն առարկում», - ասել է Սերգեյ Լավրովը։

Խաջիմբան, իր հերթին, հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է Ռուսաստանից Հայաստան բեռների փոխադրմանը և շահագրգռված է դրանում, քանի որ այդ տարանցիկ փոխադրումները հավելյալ միջոցներ կբերեն աբխազական բյուջե։ «Մենք ինքնիշխան, ճանաչված պետություն ենք, և այդ հարցերը պետք է կարգավորել քաղաքակիրթ ճանապարհով։ Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ես չեմ կասկածում, որ հարցը կլուծվի, և Աբխազիան դրանից միայն կշահի», - ասել է Աբխազիայի նախագահը։

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր նաև հայտարարել է, որ Մոսկվան կողջունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունը Աբխազիայի հետ, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայնության գան։ Ճիշտ է, այդ մասին նա խոսել է՝ պատասխանելով ՀԱՊԿ-ին Աբխազիայի անդամակցության հնարավորության մասին լրագրողի հարցին:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մենք, իհարկե, կողջունենք այդ կառույցի համագործակցությունը Աբխազիայի հետ», - ասել է Լավրովը:

Սրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը։

Լավրովը հավելել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն է ապահովել անվտանգությունը, իսկ Աբխազիայի անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանի զինված ուժերը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ապագայում Ժնևում կայանալիք քննարկումներին հնարավոր է օրակարգ մտնի Աբխազիայի և Վրաստանի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև ուժ չկիրառելու մասին իրավական ուժ ունեցող պայմանագրի հարցը։ Սա նաև լուրջ ազդակ կլինի Կովկասի տարածաշրջանի համար, ասել է Սերգեյ Լավրովը Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG