Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ Գալիս ենք ՀՀԿ-ին քաղաքական ասպարեզից հեռացնելու


Զարուհի Փոստանջյանը Երևանի «Էրեբունի» արգելոց-թանգարանում, 18-ը ապրիլի, 2017 թ․
Զարուհի Փոստանջյանը Երևանի «Էրեբունի» արգելոց-թանգարանում, 18-ը ապրիլի, 2017 թ․

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի խոսքով, իրենց գաղափարախոսությունը տարբերվում է վերջին 25 տարիներին գործող ուժերի գաղափարախոսությունից:

Շուրջ երեսուն դար առաջ թագավորած Արգիշտի Առաջինի խոսքից արված մի մեջբերմամբ այսօր իր ելույթը սկսեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երևանի ավագանու ընտրություններին գնացող իր թիմի անդամներին ներկայացնելով այն հիմնական գաղափարները, որոնց շուրջ պետք է համախմբվեն ընդդիմադիր գործչի կողմնակիցները, Փոստանջյանը հայտարարեց․

«[Երևանի քաղաքապետարանից] պատրաստվում ենք սկսել մեր երկրում բարեփոխումներ, հիմնահատակ փոփոխություներ՝ հիմնադրելով նոր քաղաքական համակարգ, որը պետք է ծառայի, իրապես, հայ ժողովրդին: Իսկ մեր հիմնական թիրախն, իրհարկե, Հանրապետական կուսակցությունն է, և մենք գալիս ենք հենց իրենց ուղղակի հեռացնելու քաղաքական ասպարեզից, որովհետև գտնում ենք, որ նրանք ձախողվել են, իրենց երկարաժամկետ պաշտոնավարումն ուղղակի կործանարար է եղել Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի համար»:

«Երկիր ծիրանի»-ի ղեկավարը նաև ասաց՝ 2011 թվականից Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած հանրապետական Տարոն Մարգարյանն իր հարստության մեծ մասը դիզել է հանրային միջոցների հաշվին: Երեկ իր 39-ամյակը բոլորած Երևանի քաղաքապետը հասցրել է տպավորիչ կարողության տեր դառնալ: Քաղաքապետի երեք թեկնածուներից ամենահարուստը նա է: Մարգարյանի հայտարարագրած գումարներն ու անշարժ գույքը տասնյակ անգամներով գերազանցում է թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի ներկայացրած միջոցները:

Տարոն Մարգարյանը 2016 թ․ հայտարարագրել է մոտ 600 հազար դոլար, բազմաթիվ շենքեր, հիմնականում՝ Ավանում, որտեղ 6 տարի թաղապետ է եղել: Մասնավորապես, երկու մեծ շենք՝ 3700 և 1600 քառակուսի մետր մակերեսներով, մեկ առևտրի կենտրոն, մեկ բնակարան և երկու ավտոտնակ: Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցի շենքերից մեկում, քաղաքապետը մի ամբողջ հարկաբաժին ունի, ինչպես նաև ամառանոց Ջերմուկում: Հանրապետական քաղաքապետը հայտարարագրել է նաև այլ միջոցներ:

«Երևի նույնիսկ քաղաքապետարանի միջոցների 90 տոկոսն են այդ ահռելի գումարները: Եթե համեմատություն անենք, ապա կարող եմ միանշանակ ասել՝ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նմանատիպ հարստություն: Եթե դու աշխատում ես որպես բարձրաստիճան պաշտոնյա, աշխատավարձդ կարող է բավարարել շատ նվազ հարցերի լուծման համար: Շուրջ 10 տարի ես բարձրաստիճան պետական պաշտոնյա եմ և ես ձեռք չեն բերել որևէ կարողություն և չէի էլ կարող ձեռք բերել, որովհետև այդ աշխատավարձով դու չես կարող նման կարողություններ ձեռք բերել: Նաև այդ ծանրաբեռնվածության ներքո դու չես կարող իրականացնել ձեռնարկատիրական այլ գործունեություն, որպեսզի կարողանաս դրա միջոցով գոնե վաստակել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա անդրադարձավ նաև հարցին, թե ի վերջո ինչու՞ չհաջողվեց ընդդիմադիր մեկ թեկնածուով հանդես գալ երևանյան ընտրություններում: Ասաց՝ «Ելք»-ն ու «Երկիր ծիրանին» տարբեր գաղափարներ ունեն: «Նախ՝ «Ելք»-ը դա ուղղակի սպոնտան ձևավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի, ես չգիտեմ՝ նրանք վերջիվերջո կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ, թե ոչ: Այնտեղ ներգրավված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր մոտեցումներով, հետևաբար՝ իրենք արդեն իսկ իրար հետ տարբեր են, դեռ միասնական չեն:

Իսկ մեր մոտեցումները, մեր գաղափարախոսությունը, մեր ծրագիրն ընդհանուր առմամբ, տարբերվում է այս 25 տարիներին գործող ուժերի ծրագրերից, և մեր հիմնական մեխը, նպատակն այն է, որպեսզի մենք մեր անդրսահմանային ժողովրդին ներգրավենք մեր քաղաքականության մեջ»,- ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը:

Լրագրողներից մեկը հարցին ՝ որպես քաղաքպետի թեկնածու, Տարոն Մարգարյանի համեմատ ի՞նչ առավելություններ ունեք, նա պատասխանեց․ «Ես չեմ նշելու ոչ իմ առավելությունները, ոչ էլ կարող եմ, ասել, որ նրան ինչ-որ ձևով զիջելու եմ, բայց կարծում եմ՝ ամենակատարյալը, որ բնությունը ստեղծել է, դա իհարկե կինն է, ով նաև շարունակում է մարդկային կյանքը: Հետևաբար՝ առավելությունները և ավելի նվազ կարողությունները թողնում եմ ձեր գնահատականին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG