Անցած գիշեր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին` շնորհավորելով նրան սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրած հաջողության առթիվ: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը՝ նշելով նաև, որ զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի և ապրիլի 7-ին ամերիկացիների կողմից սիրիական ռազմական օդանավակայաններից մեկին հասցված հարվածների թեմաները:
Ուշագրավ է, ի դեպ, որ այս հեռախոսազրույցից ընդամենը մի քանի ժամ առաջ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը, պատասխանելով ամերիկացի լրագրողներից մեկի հարցին, խուսափեց կոնկրետ գնահատական տալ` արդյոք Վաշինգտոնը ընտրախախտումների մասին տեղեկությունների ֆոնին լեգիտիմ է համարում թուրքական հանրաքվեի արդյունքները:
«Որքան ես եմ հասկանում՝ այնտեղ միջազգային հանձնաժողով է գործում, որը ուսումնասիրում է խնդիրը և իր եզրակացությունները կներկայացնի 10-12 օրվա ընթացքում: Թուրքիայի ողջ տարածքում միջազգային դիտորդներ կան, և մենք պետք է նրանց թույլ տանք ավարտել աշխատանքը: Ես կարծում եմ, որ այդ զեկույցից առաջ ընկնել պետք չէ: Ամեն դեպքում, Թուրքիայի քաղաքացիները մասնակցել են քվեարկությանը: Թուրքիայի կառավարման համակարգին անդրադառնալուց առաջ ես կգերադասեի, որ մենք թույլ տանք, որպեսզի այդ հանձնաժողովն իր գործն անի», - հայտարարում էր Սպիտակ տան խոսնակը:
Դատելով հայտարարություններից` թուրքական հանրաքվեի նկատմամբ անհամեմատ ավելի քննադատաբար են տրամադրված ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում:
Երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները, մատնանշելով ԵԱՀԿ դիտորդների նախնական եզրակացությունները, նշել է. - «Մենք ի գիտություն ենք ընդունում դիտորդական առաքելության մտահոգությունն առ այն, որ հանրաքվեի ընթացքում խախտումներ են արձանագրվել թե՛ բուն քվեարկության օրը և թե՛ քարոզարշավի ընթացքում, ինչը հանգեցրել է «Ոչ»-ի կողմնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը: ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից վերջնական զեկույցի նախապատրաստմանը զուգահեռ՝ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին և հակառակորդներին ԱՄՆ-ը համագործակցության կոչ է հղում»:
Ի տարբերություն Վաշինգտոնի, եվրոպական կառույցները շատ ավելի կոշտ ազդակներ են հղում Անկարային: Այսօր առավոտյան Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը հայտարարում էր․ - «Հաշվի առնելով դիտորդների կողմից ներկայացված զեկույցները, քվեների ոչ մեծ տարբերությունը և այն հեռուն գնացող հետևանքները, որ կարող են ունենալ սահմանադրական այս փոփոխությունները Թուրքիայի համար, մենք կոչ ենք անում այդ երկրի կառավարությանը լրջորեն հաշվարկել հետագա գործողությունները և հնարավորինս լայն հասարակական համաձայնության հասնել հանրաքվեին հաջորդող ժամանակահատվածում: Կոչ ենք անում քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին զսպվածություն ցուցաբերել: Թուրքական կառավարությանն էլ կոչ ենք անում դիտորդների կողմից հայտնաբերված խախտումների առթիվ թափանցիկ հետաքննություն սկսել»:
Անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո երկրի քրեական օրենսգրքով սահմանված պատժաչափերի ցանկում կրկին կարող է մահապատիժը հայտնվել, Սխինասը ասաց․ - «Կարելի է ասել, որ մահապատժի վերականգնումը «կարմիր գծերից» թերևս ամենակարմիրն է: Այս հարցում հռետորաբանությունից կոնկրետ գործողությունների անցնելը միայն մեկ բան կարող է նշանակել, որ Թուրքիան չի ցանկանում մաս կազմել եվրոպական ընտանիքին»:
Եվրամիության անդամ որոշ պետությունների ներկայացուցիչների համոզմամբ էլ, Բրյուսելը չպետք է սպասի Անկարայի հետագա քայլերին` հայտարարելով ռազմավարության կտրուկ փոփոխության մասին:
«Անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները և կենտրոնանալ համագործակցության մասին պայմանագրի մշակման վրա», - Twitter-ի իր էջում գրել է պաշտոնական Անկարայի գլխավոր եվրոպացի քննադատներից մեկը` Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: