Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի ազատ արձակման մասին պաշտոնական տեղեկություն չկա. փաստաբան


Սամվել Բաբայանի ազատ արձակման մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ նշելով, որ չի զարմանա, եթե Բաբայանն ազատ արձակվի, քանի որ, ըստ փաստաբանի, մեղադրանքը հիմնավորված չէ։

Մամուլում լուրեր էին տարածվել, թե Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ կասկածվող Բաբայանին առաջիկա օրերին բաց կթողնեն։

Փաստաբանի խոսքով՝ իրենք սպասում են ապրիլի 20-ի վերաքննիչ դատարանի նիստին։ Քալաշյանի փոխանցմամբ, քննչական գործողություններ դեռ չեն եղել։

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, ձերբակալվեց մարտի 22-ին։ Ձերբակալությունից երկու օր անց՝ մարտի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG