Մատչելիության հղումներ

Քաղաքապետի երեք թեկնածուներից ամենահարուստը Տարոն Մարգարյանն է


Քաղաքապետի երեք թեկնածուներից, ըստ հայտարարագրի, ամենահարուստը արդեն 6 տարի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է: Եթե Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է պատգամավորի իր տարեկան աշխատավարձը՝ մոտ 5.5 միլիոն դրամ, Նիկոլ Փաշինյանն էլ 2.5 հազար դոլար և Hyundai մեքենան, ապա Տարոն Մարգարյանը 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո. միասին մոտ 600 հազար դոլար:

Գումարից բացի քաղաքապետը նաև իրեն պատկանող բազմաթիվ շենքեր է հայտարարագրել, հիմնականում՝ Ավանում, որտեղ 6 տարի թաղապետ է եղել: Այստեղ Տարոն Մարգարյանը երկու մեծ շենք ունի՝ 3700 և 1600 քառակուսի մետր մակերեսներով, մեկ առևտրի կենտրոն, մեկ բնակարան և երկու ավտոտնակ: Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցի շենքերից մեկում, քաղաքապետը մի ամբողջ հարկաբաժին ունի, ինչպես նաև ամառանոց Ջերմուկում:

2016 թվականին Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ Mersedes, ինչպես նաև նշել, որ 50 տոկոս բաժնեմաս ունի Z&Z ընկերությունում:

Քաղաքապետի մեկ տարվա եկամուտը ունեցվածքի համեմատությամբ բավական համեստ է՝ ըստ հայտարարագրի, նա ստացել է 5 միլիոն դրամ աշխատավարձ և 25 միլիոն դրամ՝ մեքենայի վաճառքից:

Տարոն Մարգարյանի կինը՝ գործազուրկ Գոհար Սարգսյանը, ևս միլիոնատեր է: Նա 2011 թվականից ի վեր հայտարարագրում է անփոփոխ՝ 50 միլիոն դրամ: Ուշագրավ է, որ քաղաքապետի կինը այս ընթացքում միայն մեկ անգամ է եկամուտ հայտարարագրել՝ 2012-ին տիկին Գոհարը նվիրատվության կամ օգնության կարգով մոտ 40 միլիոն դրամի բնամթերք է ստացել, որը, սակայն, հետագա տարիներին որևէ կերպ այլևս չի հիշատակվում:

Ի տարբերություն կնոջ՝ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքում որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել։ 2013 թվականին Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ Մարգարյանի անշարժ և շարժական գույքը ավելի շատ էր: Այդ ժամանակ քաղաքապետը երկուսի փոխարեն երեք ավտոտնակ ուներ, ուներ նաև հողամաս, մեկի փոխարեն երեք մեքենա: 2014 թվականին Տարոն Մարգարյանը վաճառել է հողամասը և Range Rover մեքենան՝ դրանց դիմաց ստանալով 170 միլիոն դրամից ավելի գումար:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ը, գումարելով Տարոն Մարգարյանի գույքն ու փողերը, մոտ 10 միլիոն դոլար էր գնահատել քաղաքապետի կարողությունը և 2013 թվականին դատախազություն էր դիմել՝ պարզելու, թե ինչպես է ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած երիտասարդ քաղաքապետը նման կարողություն դիզել: Դատախազությունը մերժել էր քրեական գործ հարուցել Մարգարյանի դեմ՝ ապացուցված չհամարելով պնդումը, որ այդ կարողությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասում է՝ քրեական գործ հարուցելու հիմքեր կային ինչպես 4 տարի առաջ, այնպես էլ հիմա։ Սակայն անգամ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը չի տա հարցերի պատասխանները:

«Իրենք դրա մեջ հանցակազմ չտեսան: Դա, իհարկե, խայտառակ պատասխան էր, որովհետև առաջին գործը, որ պետք է աներ գլխավոր դատախազը, այդ անհամապատասխանության հիմքի վրա սկսեր քննություն: Բայց դա չի արվել, չի էլ կարող արվել, քանի դեռ Հայաստանում կոռուպցիոն, ավազակապետական ռեժիմ է, որը տարիներ շարունակ հաստատված է», - մեկնաբանում է Զուրաբյանը:

Նաև պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ լրագրողական հետաքննություններ կատարող «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է՝ անգամ նախընտրական շրջանում քաղաքապետին անհնար է ուղղել տարիներ շարունակ անպատասխան մնացած այս հարցերը:

«Նախընտրական փուլ է, բայց հիմա իրեն մի օղակի մեջ կպահեն, որ հանկարծ կողքից «անհասկանալի» որևէ լրագրող հարց չտա իրեն: Հիմա ոչ մեկը չի պատասխանում՝ որտեղի՞ց իրենց այս ունեցվածքը: Չեն ասելու, նորից հայտնի չի դառնալու, թե որտեղից», - ասում է Բաղդասարյանը:

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիրը կարծում է՝ ունեցվածքի մասին հարցերին պատասխանել չի օգնի նաև հուլիսից ուժի մեջ մտնող օրենքը ապօրինի հարստացման քրեականացման մասին․ - «Դա ընդհանրապես պետք չէր մեզ այդ օրենքը, ինչների՞ս էր պետք: Հայաստանում բազմաթիվ օրենքներ կան, որոնց միջոցով կարելի էր այդ ապօրինի ձեռք բերված ունեցվածքը ջրի երես հանել և բերել բյուջե, ոչ թե նորից վերաբաշխել այդ ունեցվածքը մեկից վերցնելով՝ մյուսին տալով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG