«Եթե մի երևույթ օրենքի հետ որևէ խնդիր ունի, բնականաբար, ես դա չեմ կարող ողջունել», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրդառնալով լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրած սկանդալային ձայնագրությանը, որը, ըստ ձայնագրությունը հրապարակած կայքի, արվել էր «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ժամանակ»։
Ձայնագրությունում մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից:
«Ես անձամբ 35 թե 40 րոպեանոց ձայնագրությանը ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ մամուլի բոլոր հրապարակումներին, որոնք որ դրա մասին են խոսում, պետք է ասեմ, որ, այո՛, Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հաղորդում, որ տեղի է ունենալու քննություն այդ հարցի շուրջ, նաև Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունել է դատախազության նման օպերատիվ արձագանքը։ Ես միայն, որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ, մի բան կարող եմ ասել, որ եթե մի երևույթ օրենքի հետ որևէ խնդիր ունի, բնականաբար, ես դա չեմ կարող ողջունել, եթե կպարզվի, որ դա անօրինական է եղել, բնականաբար, դա անընդունելի է, իսկ եթե պարզվի որ այստեղ որևէ խնդիր չկա օրենքի հետ կապված, սա պետք է պատկան մարմինները պարզեն։ Բայց ես հիմա, որպես շտաբի պետ, մի բան ասեմ՝ պարզելու շատ խնդիրներ կան, օրինակ, ես էլ ինքս շտաբի պետ եմ, շատ նորմալ է, ես ինքս չեմ կարդացել, չեմ լսել, չգիտեմ՝ ինչ տոնով է եղել, ինչ բառապաշար է օգտագործվել, բայց ես ել կարող եմ մի քանի օր հետո, երբ որ շտաբի նիստ լինի, ես իմ թիմակիցների հետ խոսեմ․․․ այդ իմաստով պետք է լսենք, տեսնենք, թե դատախազությունն ինչ եզրակացություն է տալիս», - ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը նշեց՝ կա անմեղության կանխավարկած, սխալը կամ ճիշտը թող պարզի քննությունը։
«Իմ գնահատականը հետևյալն է, առաջին՝ փաստում ենք, որ իրավապահ մարմիններն աչք չեն փակել նման հաղորդման վրա, իրենք քննություն կիրականացնեն, թե ինչ կպարզվի, դա արդեն ժամանակի խնդիր է։ Ամեն դեպքում, իմ անձնական տեսակետն, անկախ էս դեպքից՝ մենք պետք է ձգտենք ցանկացած գործընթաց՝ լինի դա լրագրողի հետ կապված, քաղաքական գործչի հետ կապված, ընդդիմադիր թե՝ իշխանություն, դիտորդ, թե՝ քաղհասարակության ներկայացուցիչ, թե՝ վստահված անձ, փորձենք ամեն ինչ անենք օրենքի շրջանակներում։ Եթե կպարզվի որ սա հանցակազմ է պարունակում և օրենքի հետ կան խնդիրներ, ցանկացած՝ իմ հալալ եղբայրս էլ լինի, ես էլ լինեմ, իմ տեսակետն այդպես է, եթե օրենքը խախտում եմ, կամ մարդկային բարոյական նորմերը, բնականաբար, եթե դու օրենքը խախտում ես, պետք է պատժվես օրենքի խստությամբ, եթե դու խախտում ես որևէ ընդունված մարդկային նորմ, բնականաբար, դու պետք է պարկեշտություն, տղամարդկություն ունենաս, որպեսզի ներողություն խնդրես, բայց հիմա քանի դեռ կա անմեղության կանխավարկած, ու մենք չգիտենք թե ինչ է, ես չեմ ուզում, որ բոլորս նստենք ու ասենք սխալ է թե ճիշտ է, քննությունը կպարզի», - ասաց Շարմազանովը։
«Բռունցքներով հարցեր լուծելն անցյալում է»
Անդրադառնալով դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հայցին՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության, Շարմազանովն ասաց, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իրավունք ունի դատական ատյաններում պաշտպանել իր իրավունքները։
Տնօրենները պահանջում են կազմակերպության անունից ներողություն հայցել և իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար որպես փոխհատուցում յուրաքանչյուր տնօրենի 2-ական միլիոն դրամ վճարել։
Ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարել էր, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։
«Ես առհասարակ իմ աշխարհընկալմամբ կրկնակի ստանդարտներն ատում եմ և դեմ եմ կրկնակի ստանդարտներին, և փորձում եմ խոսել երևույթների մասին։ Հիմա մի պահ վերանում ենք, թե էս տնօրենները ինչ կուսակցության անդամ են, ում համար են աշխատել, ինչ են արել, ընդունում ենք մի բան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի՞ դատական ատյաններում իր իրավունքները պահպանել և պաշտպանել, միանշանակ՝ այո՛։ Երբ որ մեր քաղաքացիական հասարակության որևիցե ներկայացուցիչ, լրատվության որևիցե ներկայացուցիչ, ընդդիմության որևէ ներկայացուցիչ իր իրավունքները փորձում է պաշտպանել դատական ատյաններում, ողջ հասարակական սեկտորը, ողջ պրոգրեսիվ հասարակությունը կանգնում է նրա կողքին և ողջունում է, և մենք սկսում ենք խոսել քաղաքացիական բարձր գիատկցության մասին։ Հիմա ի՞նչ պատահեց, երբ որ էս տնօրենները գնում են էդ ճանապարհով իրենց իրավունքները պահպանելու։ Հիմա ինչ-որ մեկը հիշել է, որ իրավունք չունեն, իսկ ո՞վ է ասել, որ Դանիել Իոաննիսյանը, կամ Շարմազանովը, կամ հարգելի պարոն Թամրազյանն ավելի շատ իրավունքներ ունեն Հայաստանի Հանրապետությունում՝ պաշտպանելու իրավական պայմաններում իրենց բնականոն իրավունքները, քան այս 30 տնօրենները», - ասաց Շարմազանովը։
Ըստ ՀՀԿ խոսնակի, բռունցքներով հարցեր լուծելն անցյալում է, Հայաստանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն իրավական ճանապարհով։
«Ճանապարհը, ո՞րը պետք է լիներ՝ կամ պետք է գնային, կռիվ անեին, որը մենք չենք ընդունում, մերժում ենք։ Մեր երկրում բռունցքներով հարցեր լուծելն անցյալում է, մեր հայրենիքում բոլոր խնդիրները պետք է լուծենք իրավական ճանապարհով։ Այս իմաստով, ես որպես քաղաքական գործիչ, կարող եմ բացառապես քաղաքական գնահատական տալ, ես դրական եմ գնահատում, երբ որ Հայաստանի Հանրապետության որևիցե քաղաքացի, անկախ իր կուսակցական պատկանելիությունից կամ ազգային, կրոնական ծագումնաբանությունից իր իրավունքները փորձում է պաշտպանել դատական ատյաններում», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Եթե այդ տնօրենները մեր կուսակցության անդամ են, իսկ նրանց մեջ կան նաև մեր կուսակցության անդամներ, ապա մենք բարոյական իրավունք չունենք, իրենց բարոյական աջակցություն ցույց չտալու։ Ինչպես Դուք բարոյական իրավունք չունեք, լրագրողական համերաշխությունից ելնելով, եթե զգում եք, որ որևէ լրագրողի իրավունք ոտնահարվել են, չպաշտպանեք։ Էդ ո՞նց է լինում, երբ որ մի լրագրողի, մի ընդդիմադիր գործչի նկատմամբ, ըստ հանրության, կամ ըստ որևիցե մեկի, օրենք է խախտվում, կամ մենք տեսնում ենք, որ այնտեղ կա հանցակազմ, բոլորս ստորագրություն ենք հավաքում և պաշտպանում ենք, հիմա էս 30 տնօրենները, ի՞նչ է, իրենք իրավունքներ չունե՞ն»։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 16-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․