Թուրքիայի տարածքում այսօր սահմանադրական հանրաքվե է անցկացվում։
Ըստ Թուրքիայում գործող Սահմանադրության, նախագահը հիմնականում ունի ներկայացուցչական լիազորություններ: Եթե բարեփոխումների օգտին քվեարկի ընտրողների կեսից ավելին, ապա Թուրքիայի խորհրդարանին վերապահված լիազորություններից շատերը կփոխանցվեն նախագահին, վարչապետի պաշտոնը կլուծարվի, դրա փոխարեն կսահմանվեն փոխնախագահների պաշտոններ:
Նախագահը, ըստ նոր Սահմանադրության, կստանա բյուջե կազմելու, քաղաքական կուսակցության անդամ լինելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, կառավարության կառուցվածքը փոխելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու, բարձրաստիճան դատավորներին նշանակելու, խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով կառավարության անդամներին նշանակելու իրավունքներ:
Ըստ առաջարկվող փոփոխությունների, նախագահի պաշտոնավարման բոլոր նախորդ ժամկետներն այլևս ուժը կորցրած կհամարվեն, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսականորեն կստանա մինչև 2029 թվականը նախագահելու հնարավորություն: