«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները։
Դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով, ևս մեկ դիմում ներկայացրել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմակերպությունների և մի շարք անհատների անունից՝ ընդհանուր առմամբ նույնանման բովանդակությամբ։
«Մենք համարում ենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում չեն ապահովվել այն հիմնական սկզբունքները, որոնք, ըստ Սահմանադրության, պետք է պետությունը ապահովի: Դրանք են՝ կամքի ազատ ձևավորումը, ազատ կամարտահայտությունը, քվեարկության գաղտնիության իրավունքը», - մանրամասնեց փաստաբանը:
Ավելի քան 40 էջանոց դիմումում և հաստափոր հավելվածում, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով, անդրադարձել են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի դեպքերին, ներկայացրել տեսանյութեր և այլ հնարավոր ապացույցներ։
«Հատկապես վարչական ռեսուրսի չարաշահման և մի շարք այլ խախտումների ու թերությունների պատճառով հնարավոր չի եղել արձանագրել ժողովրդի կամքն այնպիսին, ինչպիսին այն կա», - նշեց Եգորյանը:
Առաջիկա օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը կտեղեկացնի՝ ընդունո՞ւմ է արդյոք դիմումները վարույթ, թե ոչ։ Չնայած Հայաստանում չկա նախադեպ, երբ Սահմանադրական դատարանը համապետական ընտրության արդյունքն անվավեր է ճանաչել, այնուամենայնիվ, Եգորյանը լավատես է. - «Այս հարցերում որոշակի չափի հույս միշտ փորձում եմ պահպանել իմ մեջ: Տեսնենք, համենայնդեպս մենք հույս ունենք, որ կիրականացվի արդյունավետ քննություն»:
Խորհրդարանական ընտրության 9 մասնակիցներից միակը, որը վիճարկում է ապրիլի 2-ի արդյունքները, իր դիմումում ներառել է նաև երեկ հրապարակված 40 րոպեանոց ձայնագրությունը, որտեղ մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներից պահանջում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար։
«Սահմանադրական դատարանի դիմումի մեջ սրա մասին ասել ենք, որ գործել է ամբողջ համակարգ ընտրողների վրա ազդելու, ճնշելու: Ընդ որում հիմնական սպառնալիքը աշխատանքից ազատելու սպառնալիքն է», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Հայաստանում բնակչությանը հասցրել են աղքատ մի վիճակի, կախյալ վիճակի, երբ մարդկանց համար մի քանի տասնյակ հազար դրամը գոյության լուրջ միջոց է և այդ համակարգը հիմա օգտագործում են իրենց ընտրելու քվեն պարտադրելու համար»:
ՀԱԿ կուսակցության փոխնախագահի խոսքով՝ Սահմանադրական դատարան տարված դիմումում փորձել են բացահայտել, որ ողջ երկրում գործել է ընտրողների ահաբեկման ու վախի մթնոլորտի ստեղծման և հօգուտ իշխող կուսակցության վարչական ռեսուրսի չարաշահման միասնական համակարգ։ Իրավապահ համակարգի անգործության պայմաններում, այնուամենայնիվ գտնվում են խիզախ քաղաքացիներ, որոնք ձեռք են բերում և հրապարակում ապացույցներ, ասում է Զուրաբյանը․ - «Զարմանալի բան է, չէ՞: Ամբողջ երկրում համակարգային ճնշումներ են մարդկանց վրա, և այդ փաստերը բացահայտվում են գաղտնի ձայնագրությունների միջոցով: Սա արդեն աբսուրդ է, որովհետև իրականում նման բանը պիտի բացահայտեին իրավապահ մարմինները»:
Չնայած գերագույն ատյան տարված դիմումին՝ Զուրաբյանը Սահմանադրական դատարանը համարում է իշխանությունների վերարտադրությանը ծառայող միասնական շղթայի մեկ օղակ․ - «Մենք որևէ պատրանք չունենք, բայց մեր պարտքն է այս գործը հասցնել ավարտին: Եթե մենք ունենք բազմաթիվ փաստարկներ, մենք դրանք պետք է ներկայացնենք այդ ատյանին»:
Մինչև Սահմանադրական դատարան գնալը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը արդեն հասցրել է ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դիմել և մերժում ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։