«Իգլայի» գործով մոտ 3 շաբաթ կալանքի տակ գտնվող՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ցանկություն է հայտնել՝ ներկա գտնվել Վերաքննիչ դատարանում իր խափանման միջոցը փոխելու հայցի քննությանը:
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը բավարարեց այսօր ավելի վաղ նախատեսված նիստը հետաձգելու մասին Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը, որի նպատակը հաջորդ նիստին իր պաշտպանյալի ներկայությունն ապահովելն է: Այս հարցով դատարանի նիստը կկայանա ապրիլի 20-ին:
Ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության՝ Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը: Պաշտպանական կողմը բողոքարկել էր այդ որոշումը, և, ինչպես «Ազատության» հետ զրույցում այսօր առավոտյան տեղեկացրել էր Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, Վերաքննիչ դատարանն այսօր պետք է քններ իրենց բողոքը: Սակայն, ինչպես նշեց փաստաբանը, իր պաշտպանյալի ցանկությամբ, միջնորդելու է, որ նիստը հետաձգվի: Նպատակը նիստին Սամվել Բաբայանի ներկայությունն ապահովելն է:
«Միջնորդելու եմ՝ կարճ ժամանակով հետաձգել դատական նիստը, որպեսզի հաջորդ նիստին պարոն Բաբայանը ներկայանա, քանի որ ինքը նման ցանկություն է հայտնել: Սպասենք դատարանի որոշմանը՝ կհետաձգի՞, թե էսօր նիստը կկայանա»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ այսօրվա նիստին Բաբայանի ներկայության ապահովումը հնարավոր չի եղել: Ըստ Քալաշյանի, օրենքը նման հնարավորություն տալիս է:
«Սա իր պաշտպանական իրավունքն է»,- ասաց փաստաբանը, նշելով, որ Բաբայանը ցանկանում է խոսել իր կալանավորման հիմքերի մասին: «Ինչպես պարոն Բաբայանը, այնպես էլ ես, պնդել ենք մեր դիրքորոշումը, ներկայումս էլ պնդում ենք, որ կալանավորման որևէ հիմք չկա, նույնիսկ հիմնավոր կասկած չկա, դրա համար էլ վերաքննիչ բողոք եմ ներկայացրել»,- ասաց Ավետիս Քալաշյանը: Վերջինս ընգծեց՝ այն, որ խափանման միջոցը դեռ չի փոխվել, դրանում առայժմ չի ուզում որևէ միտում տեսնել, «դա հետագայում պարզ կլինի՝ միտում կա՞, թե ոչ»:
Մոտ 3 շաբաթ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Սամվել Բաբայանի հետ, ըստ փաստաբանի, քննչական գործողություններ չեն իրականացվում․ այս ընթացքում նրան ընդամենը մեկ անգամ են հարցաքննել: Ավետիս Քալաշյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, հետևաբար՝ նախաքննական մարմինը նրան առնչվող քրեական գործը պետք է կարճի:
Հիշեցնենք՝ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մինչ կալանավորվելն ակտիվորեն աջակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Ձերբակալությունից մոտ մեկ շաբաթ առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նա շեշտել էր, թե շարունակելու է աջակցել այդ դաշինքին, նաև սուր քննադատության էր ենթարկել իշխանություններին:
Բաբայանը, մասնավորապես, պահանջել էր պաշտոնանակ անել Ջրառատի դեպքերում ներգրավված՝ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին: Սամվել Բաբայանի փաստաբանն, ի դեպ, «Ազատությանն» ասաց, որ իր պաշտպանյալը ծանոթ է ընտրությունների արդյունքներին, սակայն, դրանց վերաբերյալ որևէ գնահատական չունի: Սեյրան Օհանյանի ղեկավարած ՕՐՕ դաշինքը ապրիլի 2-ին կայացած ընտրություններում ստացել էր ընդամենը 32 հազար ձայն՝ դուրս մնալով խորհրդարանից:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու, ինչպես նաև պայթուցիկ կամ թունավոր նյութերի մաքսանենգության համար։ Այս գործով կալանավորված են ևս 2 անձ, որոնցից մեկը՝ Սանասար Գաբրիելյանը, ով Սամվել Բաբայանի մարտական ընկերն է, նույնպես չի ընդունում առաջադրված մեղադրանքները: 3-րդ անձի ինքնության մասին որևէ տեղեկություն հայտնի չէ :
Ըստ ԱԱԾ-ի, ձեռք են բերվել արժանահավատ տվյալներ այն մասին, որ ««Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումն ու փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։