Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ժամեր առաջ Մոսկվայում սկսեցին հանդիպումը՝ երկու գերտերությունների միջև ակնհայտ լարված հարաբերությունների ֆոնին:
Մինչ Մոսկվա ժամանելը Ռեքս Թիլերսոնը զգուշացրել էր՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը մոտենում է ավարտին, և Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի՝ միանում է Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցների՞ն, թե՞ մնում է Ասադի և «Հըզբոլա» խմբավորման կողքին:
Թերևս հենց այդ հայտարարությանն արձագանքելով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ հանդիպման հենց մեկնարկին, ընդգծեց՝ Կրեմլի համար անընդունելի է գործընկերներին ընտրության առջև կանգնեցնելու և վերջնագրերով խոսելու քաղաքականությունը:
«Մեր հետևողական դիրքորոշումը ձևավորվում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակում, և ոչ թե այսրոպեական կոնյունկտուրայի ազդեցությամբ կամ կեղծ ընտրությամբ՝ դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ՝ մեր դեմ: Մենք հանդես ենք գալիս հավաքական գործողությունների օգտին և արդյունավետ չենք համարում փակ դաշինքների շրջանակներում պարփակվելը կամ անհավասար միությունները», - հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը:
Մի քանի րոպե տևած բացման խոսքում Լավրովը կրկին պնդեց՝ Ռուսաստանն անընդունելի է համարում Միացյալ Նահանգների հարձակումը Սիրիայի կառավարական ուժերի դեմ: «Դա խախտում է միջազգային իրավունքի նորմերը», - հայտարարեց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով․ - «Ծայրաստիճան կարևոր է կանխել նման դեպքերի կրկնությունը ապագայում»:
«Մեզ համար շատ կարևոր է հասկանալ նաև ձեր տեսակետը և Միացյալ Նահանգների վարչակազմի իրական մտադրությունները: Հույս ունենք, որ մենք այսօր առաջընթաց կարձանագրենք այդ ուղղությամբ», - դիմելով պետքարտուղարին՝ ասաց Լավրովը:
Ռեքս Թիլերսոնն ընդունեց՝ երկու գերտերությունները ակնհայտ և խորը տարաձայնություններ ունեն, որոնք խոչընդոտում են համագործակցությանը: «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի բաց ու անկեղծ երկխոսությանը, որպեսզի մենք կարողանանք անել հնարավորը՝ ռուս - ամերիկյան փոխհարաբերությունները դրական ուղով տանելու համար», - հայտարարեց Պետդեպարտամենտի ղեկավարը:
«Մենք հանդիպում ենք ռուս - ամերիկյան հարաբերությունների համար կարևոր մի փուլում, և անգամ այն դեպքում, երբ մեր ռազմավարական դիրքորոշումները չեն համընկնում, մենք կարող ենք հստակեցնել այն նպատակներն ու շահերը, որ ընդհանուր են: Սա նաև մեզ հնարավորություն կընձեռի բացատրել ու հստակեցնել մեր միջև առկա տարաձայնությունները, որպեսզի հասկանանք դրանց պատճառներն ու գտնենք դրանք նվազեցնելու ճանապարհներ», - ասաց Թիլերսոնը:
Ի դեպ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցից առաջ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, թե նրա հետ հանդիպում Ռուսաստանի նախագահի օրակարգում չկա, ժամեր առաջ, սակայն, նույն աղբյուրը հաղորդեց, որ հանդիպման հնարավորություն, այդուամենայնիվ, կա:
«Դուք գիտեք, որ այժմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի արտգործնախարարի ու պետքարտուղարի միջև, և եթե հարկ համարվի դրանց արդյունքները ներկայացնել նախագահին, մենք ձեզ համապատասխանաբար տեղյակ կպահենք», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:
Չբացառելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Ռեքս Թիլերսոնի հետ, ով Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո Ռուսաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, Կրեմլի խոսնակը միաժամանակ ընդգծել է՝ Մոսկվան մտադիր չէ տեղի տալ Արևմուտքի պահանջներին:
«Սիրիայի նախագահ Ասադից ետ կանգնելու կոչերը անհեթեթություն են և կարճատեսություն, քանի որ հաշվի չեն առնում ահաբեկչության դեմ պայքարելու և սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Այդ կոչերը, ըստ էության, ազատություն են տալիս ահաբեկիչներին, որպեսզի վերջիններս շարունակեն հարձակումները Սիրիայի օրինական իշխանությունների դեմ», - պնդել է Պեսկովը: