Քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստերն արդեն երրորդ քառօրյան են տապալվում:
Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) փորձեց իրավիճակից հումորով դուրս գալ․ - «Մեր շարքերը չեն նոսրանում: Այսօր 17 պատգամավոր է գրանցվել, հուսով եմ, որ աստիճանաբար կվերադառնանք բնականոն աշխատանքային հուն»:
«ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված երեք ժամում էլ քվորումի հարցը չլուծվեց: Վաղն առավոտյան կրկին կփորձեն:
«Հարգելի հայրենակիցներ: Երեքժամյա գրանցման ռեժիմն ավարտվեց, գրանցվել է ընդամենը 20 պատգամավոր, քվորում չունենք, նիստը չի կայանա: Կհանդիպենք վաղը ժամը 12-ին», - հայտարարեց Շարմազանովը:
Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նիստերը տապալումը բացատրում է խորհրդարանականների տրամադրություններով․ - «Բոլորը տարբեր տրամադրություններ ունեն, մի մասը այլևս գիտի, որ խորհրդարան չի գալու: Մի մասը դեռ զբաղված են՝ ամփոփում են արդյունքները․․․ Ինձ թվում է, որ բոլորը նախապատրաստվում են նոր խորհրդարանին, և նոր խորհրդարանը, ինձ թվում է, բուռն կսկսի իր աշխատանքը: Ես այդպես մեծ խնդիր չեմ տեսնում: Տապալում չէի ասի՝ միտումնավոր տապալում: Պարզապես այսպես էլ կանխատեսվում էր կարծես թե»:
«Ազատության» դիտարկմանը, որ սովորաբար կարևոր օրինագծերից առաջ իրենք կազմակերպում են, ապահովում են անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայությունը, և հարցին, թե արդյոք հիմա չկա դրա կարիքը, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Օրակարգում չկան այդպիսի անհրաժեշտ խնդիրներ: Անկեղծ ասած՝ մեծ ջանք էլ չենք գործադրել, որովհետև յուրաքանչյուրը ինքը պետք է իր պատասխանատվության չափը իմանա․․․ Ճնշող մեծամասնությունը արդեն չի լինելու խորհրդարանում, և չեմ տեսնում այնպիսի օրինագծեր, որոնք շատ հրատապ են: Կարող են մեկ ամիս, երկու ամիս հետո այդ օրինագծերը քննարկվեն»:
Բաղդասարյանը փոխանցեց, որ հաջորդ խորհրդարանում ղեկավար պաշտոնների՝ ԱԺ նախագահի, փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, իրենց թեկնածուների հարցը քննարկելու են առաջիկա 15-20 օրերի ընթացքում: Առայժմ հայտնի չէ նաև ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարի անունը:
Հարցին՝ կհամաձայնի՞ կրկին ղեկավարել խորհրդարանական խմբակցությունը, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Եթե գնահատականը կտրվի, որ գոհ են եղել իմ աշխատանքից, մեր քաղաքական թիմը, ուրեմն կլինի նման առաջարկություն: Եթե կլինեն ինչ-որ բացթողումներ, թերություններ, բնականաբար ես դրան չեմ ընդդիմանա»:
Այսօր խորհրդարան եկած պատգամավորների թվում էր Շիրակի մարզում ՀՀԿ-ականներից ամենաշատ ձայներ ստացած Արման Սահակյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե ոտքի վրա չի կարող պատասխանել հարցին, թե ի՞նչ արեց հինգերորդ գումարման Ազգային ժողովում, որ ցանկացավ լինել նաև վեցերորդում: Սահակյանն լիազորություններն ավարտող խորհրդարանի «լուռ» պատգամավորներից էր:
«Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ կիսատ թողեցի, հուսով եմ, կշարունակենք: Գյումրիի հետ կապված մի երկու ծրագիր ունենք, որը հըլը չենք արել, նկատի ունեմ օրենսդրական նախաձեռնություններ, որը էս գումարմանում անպայման կանենք», - ասաց նա՝ խուսափելով ավելի առարկայական պատասխանից:
Իր «լուռ» պատգամավոր լինելու մասին հարցին Սահակյանն արձագանքեց․ - «Էտի գաղտնիք չի: Ես դրանից վատ էլ չեմ զգում: Ամեն մարդ իրա ոճն ունի աշխատելու․ մարդ կա ճառ ա ասում, մարդ կա զանգ ա կախում: Խոսացողները խոսում են, փատք Աստծո․․․ Իմ կախած զանգը էն ա եղել, որ հիմա ընտրության արդյունքներից երևում ա, որ ինչ-որ քանակ ժողովրդի ամեն դեպքում հույսեր ա կապում իմ արած գործի հետ»: