Մատչելիության հղումներ

Գերմանական ոստիկանությունը շարունակում է հետաքննել «Բորուսիայի» դեմ իրականացված հարձակումը


Գերմանիայի ոստիկանությունը չի բացառում իսլամիստ ծայրահեղականների առնչությունը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ երեկ երեկոյան իրականացված հարձակմանը:

Գերմանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկի` Süddeutsche Zeitung-ի տեղեկություններով պայթյունի վայրում հայտնաբերված երկտողում հիշատակումներ են եղել «Իսլամական պետության» դեմ իրականացվող գործողություններում գերմանական ռազմական օդանավերի մասնակցության, ինչպես նաև դեկտեմբերին Բեռլինի ամանորյա տոնավաճառներից մեկում իրականացված ահաբեկչական հարձակման մասին:

«Այս պահին գերմանացի իրավապահները փորձում են պարզել երկտողի իսկությունը», - գրում է թերթը:

Գերմանիայի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը`«Բորուսիան», հարձակման թիրախ դարձավ երեկ երեկոյան Չեմպիոնների լիգայի «Բորուսիա» - «Մոնակո» քառորդ եզրափակիչ հանդիպման մեկնարկից քիչ առաջ: Հետաքննության առաջին մանրամասներն այսօր կեսօրին լրագրողներին փոխանցեց Դորտմունդի ոստիկանության մամուլի քարտուղար Նինա Ֆոգտը․ - «Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 7-ի սահմաններում: Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի հարևանությամբ երեք պայթյուն է արձանագրվել: Ավտոբուսում գտնվող մեկ մարդ վիրավորվել է: Դա «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկ Բարտրան է: Բացի այդ, վիրավորվել է ավտոբուսն ուղեկցող ոստիկանության մոտոցիկլիստներից մեկը: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ովքեր են պատասխանատու այս պայթյունների համար»:

Պայթյուններից հաշված րոպեներ հետո «Բորուսիայի» ֆուտբոլիստները վերադարձան հյուրանոց, իսկ Մարկ Բարտրան տեղափոխվեց հիվանդանոց:

«Այս պահին Մարկ Բարտրային վիրահատում են: Նա աջ դաստակի կոտրվածք ունի: Բացի այդ, նրա ձեռքից պետք է հեռացվեն կոտրված ապակու բեկորները: Թիմի խաղացողները պարզապես ցնցված են», - միջադեպից քիչ անց հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բորուսիայի» խոսնակ Սաշա Ֆլիգեն:

Պայթյունի պահին, ի դեպ, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտն արդեն լեփ֊ լեցուն էր: Երբ հայտնի դարձավ գերմանացի ֆուտբոլիստների դեմ իրականացված հարձակման մասին, «Բորուսիայի» մրցակից թիմի` «Մոնակոյի» երկրպագուները սկսեցին վանկարկումներով իրենց աջակցությունը հայտնել հարձակման թիրախ դարձած մարզիկներին:

Ավելի ուշ UEFA-ն հայտարարեց հանդիպումը մեկ օրով հետաձգելու մասին: «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն հարձակումից մի քանի ժամ անց նշել է, որ իր թիմին նման դրամատիկ իրադարձություններից ժամեր անց շատ դժվար կլինի խաղադաշտ դուրս գալ:

«Մեր ամբողջ թիմը ցնցված է: Այժմ մենք պետք է փորձենք դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանի որ մինչև «Մոնակայի» հետ հանդիպումը 24 ժամից էլ քիչ ժամանակ է մնացել: Վաղվա հանդիպմանն այլընտրանք պարզապես չկա: Մենք չենք կարող «Մոնակայի» խաղացողներին Դորտմունդում պահել մինչև հինգշաբթի կամ դրանից էլ ավելի երկար: Իհարկե այս ամենը շատ ցավալի է, բայց միակ լուծումը սա էր» - ասել է Վացկեն:

Ակնհայտ է, սակայն, որ «Բորուսիայի» երկրպագուներին միջադեպը հունից չի հանել: Reuters-ը Դորտմունդի փողոցներում զրուցել է քաղաքի բնակիչների հետ` փորձելով ճշտել նրանց կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ: «Բորուսիայի» վաղեմի երկրպագուներից մեկը, օրինակ, նշել է, որ վախեցած չէ․ - «Երեկ մարզադաշտում էի, այսօր ևս պատրաստվում եմ գնալ «Սիգնալ Իդունա Պարկ»:

Վերջում նշեմ, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստներին այսօր իր աջակցությունն է հայտնել նաև մինչև նախորդ խաղաշրջանը այդ թիմի կազմում հանդես եկած Հենրիխ Մխիթարյանը:

«Դորտմունդում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունները ինձ խորապես ցնցել են: Իմ աջակցությունն եմ հայտնում «Բորուսիային» և թիմի բոլոր երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային», - գրել է Մխիթարյանը Twitter-ի իր էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG