Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի


Իտալիա - Նախարարական հանդիպումը Լուկկայում, 11-ը ապրիլի, 2017թ․
Իտալիա - Նախարարական հանդիպումը Լուկկայում, 11-ը ապրիլի, 2017թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը մոտենում է ավարտին, և Ռուսաստանը պետք ընտրություն կատարի՝ միանում է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցների՞ն, թե՞ մնում է Ասադի և «Հըզբոլա» խմբավորման հետ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իտալիայի Լուկկա քաղաքում Մեծ յոթնյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև նրանց գործընկերները Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Հորդանանից և Քաթարից, հավաքվել են՝ քննարկելու Սիրիայի հարցը, նպատակ ունենալով վերջ տալ արդեն վեց տարի շարունակվող պատերազմին:

Նիստը, հիշեցնենք, հաջորդում է ապրիլի 7-ին ամերիկյան զինուժի կողմից Սիրիայում «Շայրաթ» ռազմական օդանավակայանի հրթիռակոծմանը: Պենտագոնն այդ հարվածը հասցրել է ի պատասխան Իդլիբում քիմիական զենքի կիրառման, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան ութ տասնյակ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Խոսելով Իդլիբում քիմիական հարձակման մասին՝ Թիլերսոնը հայտարարել է. - «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի նման բան նորից տեղի ունենա: Մենք պետք է թեթևացնենք սիրիացի ժողովրդի տառապանքները: Ռուսաստանը կարող է մաս կազմել այդ ապագային և կարևոր դերակատարում ունենալ, կամ մնալ մյուս խմբի դաշնակիցը»:

Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ 2013 թվականին Ռուսաստանը հանդես է եկել որպես Սիրիայի հրադադարի երաշխավոր: Կնքվել էր գործարք, ըստ որի Ասադը խոստացել էր հրաժարվել քիմիական զենքի կիրառումից: Այդ գործարքը, ըստ ամերիկացի պետքարտուղարի, ձախողվել է, ինչը ակնհայտ դարձավ Իդլիբում: - «Հասկանալի չէ, թե ինչու Ռուսսաստանը չկարողացավ կատարել իր պարտականությունները և արդյոք այդ հարցում իրազեկված էր: Բայց այդ մանրամասները այլևս կարևոր չեն մահացաների համար»,- հայտարարել է Թիլերսոնը, ով Լուկկայից այսօր աշխատանքային այցով ուղևորվել է Մոսկվա՝ Ռուսաստանցի պաշտոնակցի հետ մի շարք հարցեր, այդ թվում՝ սիրիական հակամարտությունը քննարկելու:

Հանդիպման նախաշեմին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Մոսկվան կառուցողական բանակցություններ է ակնկալում, սակայն չի պատրաստվում զիջումների գնալ:

«Սիրիական խնդիրը Բարաք Օբամայի վարչակազմի անպատասխանատու քաղաքականության ուղղակի հետևանքն է: Մենք չենք վառել այսպես կոչված «արաբական գարնան» կրակը», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:

Թիլերսոնի այցին ընդառաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, առաջին անգամ անդրադառնալով քիմիական հարձակման մասին Արևմուտքից հնչող մեղադրանքներին, նշել է, թե այդ ամենը իրեն հիշեցնում են 2003 թվականի դեպքերը, երբ Վաշինգտոնն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրաքում իբր քիմիական զենք էին հայտնաբերել: Դրան հաջորդեց Իրաքի արշավը, ինչն էլ ավարտվեց այդ երկրի փլուզմամբ:

«Դրա հետ կապված ես հիշում եմ մեր հրաշալի գրողներին՝ Իլֆին և Պետրովին: Ուզում ես ասել՝ ձանձրալի եք աղջիկներ, ձանձրալի: Մենք այդ ամենը արդեն տեսել ենք», - նշել է Պուտինը:

Չնայած Լուկկայի հանդիպման գրեթե բոլոր մասնակիցների շուրթերից հնչող կոշտ քննադատությանը՝ ուղղված Դամասկոսին և Մոսկվային, նախարարները, այդուհանդերձ, այդպես էլ չեն կարողացել միասնական դիրքորոշման հասնել Սիրիայի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցում, ինչը պնդում էր Մեծ Բրիտանիան: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարել է, որ հանդիպման բոլոր մասնակիցները միասնական են մեկ հարցում՝ Բաշար Ասադը չի կարող առնչություն ունենալ Սիրիայի ապագային:

Էրոյի խոսքով՝ սիրիական ճգնաժամի կարգավորման առաջին քայլը պետք է լինի հրադադարը, իսկ դրա վերահսկողությունը պետք է դրվի միջազգային հանրության վրա: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկնել է՝ Ռուսաստանը պետք է ընդունի Սիրիայում տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Էրոյի իտալացի պաշտոնակիցն էլ պնդել է՝ Ռուսաստանը պետք է ներգրավված լինի սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում: - «Ռուսաստանը չպետք է մեկուսացվի, ընդհակառակը՝ Մոսկվան պետք է հնարավորինս մասնակից լինի Սիրիայի անցումային գործընթացներին», - մասնավորապես ասել է Անջելինո Ալֆանոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG