Մատչելիության հղումներ

Ռեքս Թիլերսոնը Մոսկվայում կքննարկի սիրիական ճգնաժամը


Ռեքս Թիլերսոնը և Բորիս Ջոնսոնը Իտալիայում, 10-ը ապրիլի, 2017թ.
Ռեքս Թիլերսոնը և Բորիս Ջոնսոնը Իտալիայում, 10-ը ապրիլի, 2017թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր մեկնում է Ռուսաստան, որտեղ նախևառաջ քննարկելու է Սիրիայի օրըստօրե սրացող ճգնաժամը:

Պաշտոնական բանակցությունները ռուս գործընկերոջ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսված են վաղը՝ ապրիլի 12-ին:

Կրեմլի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Ռեքս Թիլերսոնը պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ է մեկնում Մոսկվա: Ի՞նչ առաքելությամբ․ ենթադրվում է, որ նա ռուսներին կհասցնի Մեծ յոթնյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի միացյալ դիրքորոշումը: Յոթնյակը երեկ ժողով է անցկացրել Իտալիայում:

Սպիտակ տունը փոխել է դիրքորոշումը Սիրիայի հարցում: Եթե նախընտրական ամիսներին Դոնալդ Թրամփը նկատել է տվել, որ իրեն առաջին հերթին մտահոգում է «Իսլամական պետության» վտանգը, եթե պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին ասում էին, որ «Բաշար ալ-Ասադի ապագան պետք է Սիրիայի ժողովուրդը որոշի», ապա Իդլիբում քիմիական գրոհից հետո Թրամփը շատ կտրուկ քայլի է դիմել և հրամայել է Tomahawk տեսակի թևավոր հրթիռներով հրթիռակոծել «Շայրաթ» ռազմական օդակայանը:

Բուն այդ փաստը չափազանց տհաճ էր Մոսկվայի համար, քանի որ ռուսներն են ստանձնել Սիրիայի օդային տարածքի անվտանգությունը: Ասադը և Կրեմլը հերքում են քիմիական գրոհին առնչություն ունենալու մեղադրանքը:

Արևմուտքի համոզմամբ, սատարելով Ասադին՝ Կրեմլն ինքն իրեն վարկաբեկում է: Հին մայրցամաքում Ամերիկայի ամենամերձավոր դաշնակիցը՝ Մեծ Բրիտանիան կարծես թե հորդորում է շատ կոշտ քայլերի դիմել։ Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը երեկ Իտալիայում է խոսել այդ մասին: «Մենք քննարկելու ենք նոր պատժամիջոցների հնարավորությունը՝ սիրիացի զինվորականների և ռուս որոշ զինվորականների նկատմամբ՝ նրանց, ովքեր զբաղված են Սիրիայի ռազմական գործողությունների կարգավորմամբ և վարակված են Ասադի ռեժիմի թույնով», - հայտարարել է Ջոնսոնը:

Պետքարտուղար Թիլերսոնն ավելի վաղ CBS հեռուստակայանին ասել է, որ «ռուսներն, անշուշտ, հովանավորում են Ասադին»:

Այդուհանդերձ, ամերիկյան կողմը նշում է, որ ռուսների հետ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, քանի որ հենց ռուսներն ունեն Ասադի վրա ամենամեծ ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG