Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ևս հրաժարվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց


«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, հաշվի առնելով խորհրդարանական ընտրություներում «Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները»: Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Հ. Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:

Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը: Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը:

Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- նշված է ՀՅԴ հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման մասին հայտարարել էր նաև ՀՎԿ կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG