Մատչելիության հղումներ

«Կոնգրես - ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարանում կբողոքարկի ԱԺ ընտրությունների արդյունքները


Արխիվ
Արխիվ

Ընտրության 9 մասնակիցներից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որ այսօր՝ վերջնաժամկետին, դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հայտարարեց Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին:

Այսօր տարածած հաղորդագրությունում դաշինքը հայտնում է՝ կբողոքարկի ապրիլի 2-ի արդյունքների օրինականությունը այդ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:

«Խոսքը ապօրինի ազդեցության մասին է, որը ներառում է ընտրողների ահաբեկում, ընտրակաշառքի բաժանում և նրա ընտրության վերահսկումը, այդ թվում բաց քվեարկություն», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: - «Ընդհանրապես, զանգվածաբար խախտվել է քվեարկության գաղտնիության ինստիտուտը: Այսինքն՝ բազմաթիվ են հիմքերը: Դա կատարվել է պետականորեն, լայնածավալ, համատարած և համակարգված», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

Դաշինքի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․ - «Ապրիլի 2-իընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Դրանք են՝ ընտրակաշառքի բաժանում, քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի ապօրինի հավաքում, իրավապահ մարմինների անգործություն, ընտրողների ահաբեկում, վարչական լծակներով և կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառում»։

Ըստ ՀԱԿ կուսակցության փոխնախագահի՝ այս խախտումները ազդել են ընտրության արդյունքների վրա․ - «Եթե ժողովրդի 90 տոկոսին ընտրակաշառք են բաժանել, բայց ես նորից ուզում եմ ճշտեմ, որ ընտրակաշառքը դա ընդամենը բոնուս էր, որովհետև իրականում ժողովրդին պարտադրել են քվեարկություն բազմաթիվ ճնշման լծակներ գործադրելով: Ընտրակաշառքը ընդամենը այդ ամբողջ համակարգի հավելյալ մի բաղադրիչ է»:

Հաջորդ խնդիրը, ըստ դաշինքի ներկայացուցչի, ընտրություններին անհավանական բարձր մասնակցությունն էր։ Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ-ի ապրիլի 2-ին քվեարկության է գնացել ավելի քան 1 միլիոն 577 հազար մարդ։

«Անհավանական մասնակցության թիվ, որը ընդհանրապես հակասության մեջ է մտնում բոլոր ժողովրդագրական տվյալների հետ և կարող է հետևանք լինել միայն նմանատիպ ապօրինի ճնշումների և կրկնաքվեարկությունների: Այդ ամբողջի մասին մենք մանրամասն կխոսենք Սահմանադրական դատարան ներկայացվող մեր բողոքի մեջ», - մեկնաբանեց Զուրաբյանը:

Խորհրդարան չանցած ուժը նաև պնդում է, որ ընտրատեղասերում արված տեսանկարահանված նյութը վերլուծելով՝ նկատել են տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումներ և անկառավարելի վիճակի ստեղծում, ուղեկցված՝ ոստիկանության անգործությամբ քվեարկության գաղտնիության խախտում։ Այս ամենը հաշվի առնելով՝ դաշինքը պնդում է, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ ու կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը։

«Մենք ընդամենը կատարում ենք մեր պարտքը Հայաստանի քաղաքացիների առջև: Բնականաբար մենք որևէ պատրանք չունենք, բայց մեր պարտքն ենք համարում հանուն ընտրական իրավունքի պաշտպանության ներկայացնել բոլոր այս փաստերը: Դա և՛ բարոյական նշանակություն, և՛ քաղաքական նշանակություն, և իրավական նշանակություն ունի, և՛ ապագայում նման ընտրակեղծարարությունը զսպելու նշանակություն», - նշեց Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG