Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը


Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում
Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում

Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված՝ Սիրիայում գործողությունների ընթացում միջադեպերի կանխման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը: Այդ մասին հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Հատուկ հայտարարությունում, որը հրապարակված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում, Մոսկվան նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտակարգ նիստ անցկացնել Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ հասցրեց Սիրիայի կառավարական ուժերին: Ռուսաստանի արտգործնախարարությունում ակնհայտ են համարում, որ ամերիկյան թևավոր հրթիռներով հարվածը ավելի վաղ էր նախապատրաստվել, քան Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակումը, որը «պարզապես օգտագործվեց որպես պատրվակ ուժի ցուցադրման համար»:

«Անկասկած, ԱՄՆ-ի ռազմական ակցիան նաև փորձ է՝ ուշադրությունը շեղելու Մոսուլում իրավիճակից, որտեղ այդ թվում ամերիկյան կոալիցիայի գործողությունների արդյունքում զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ և ահագնանում է հումանիտար աղետը», - ասված է հայտարարությունում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը պնդում է, թե տեղի ունեցածը «ինքնիշխան Սիրիայի դեմ բացահայտ ագրեսիայի ակտ է», և «ամերիկյան կողմը չի կարող չհասկանալ, որ սիրիական կառավարական զորքերը այնտեղ քիմիական զենք չեն կիրառել»: «Դամասկոսը այդպիսին պարզապես չունի, ինչը մեկ անգամ չէ, որ հաստատվել է որակյալ մասնագետների կողմից», - ասված է հայտարարությունում:

«Այսօր ԱՄՆ-ի ձեռնարկած գործողությունները է՛լ ավելի են փչացնում ռուս - ամերիկյան հարաբերությունները», - շեշտում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG