Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան․ Պայքարը շարունակվում է, պայքարը չի կանգնել


Իշխանափոխության համար պայքարը Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը չեն դադարեցնի:

Ընտրությունների պաշտոնական արդյունքներով ընդամենը երկու տոկոս քվե ստացած դաշինքի շտաբը, Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, կշարունակի գործել՝ առաջնորդելով փողոցային պայքարը՝ երբ էլ որ այն սկիզբ առնի․ - «Որոշակի վերակազմակերպման փուլ ենք սկսել: Ինչպես այն կավարտվի, այս պահին չեմ կարող ասել, բայց համագործակցությունը միանշանակ է, որ կշարունակվի: Մեր գործունեությունը մնալու է նույնը․ ոչ միայն քաղբանտարկյալների ազատում, այլ նաև Հայաստանի ազատում: Որովհետև ոչ-լեգիտիմ իշխանությունը, բնականաբար, Հայաստանի համար շատ ծանր բեռ է: Պայքարը շարունակվում է, պայքարը չի կանգնել»:

Սակայն առաջիկա օրերին հանրահավաքային պայքար «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի սկսի՝ թեև ընտրությունները համարում են կեղծված․ - «Փողոցային պայքարը ունի իր ժամանակահատվածը: Ուղղակի չես վերցնում և քո ցանկացած օրը հանրահավաք ես հրավիրում և փորձում ես հասարակական ճնշմամբ իշխանափոխություն իրականացնել: Ակնհայտորեն դրա համար պետք են որոշակի շարժառիթներ: Այդ շարժառիթները շատ-շատ են լինելու, բազմաթիվ»:

Դաշինքի երեք առաջնորդները, վստահեցրեց Արմեն Մարտիորսյանը, հուսահատված չեն, քաղաքականությունից չեն հեռանալու․ - «Շատ նորմալ տրամադրություն է: Սեյրան Օհանյանը, երբ որ 92-93 թվականներին, էն ծանր վիճակում, երբ որ Արցախի կեսը տվել էին, պատերազմ էր վարում, Սամվել Բաբայանի հետ հողերը ազատագրում էին հերթով․․․ Ինչ որ մենք հիմա անում ենք, դա չի ծանրը․ իրանք ավելի ծանրը տեսել են ու էդ ծանրով անցել են: Նույնը Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում․ ևս էդ ծանր ժամանակներն անցել է, երբ որ իր երեխաների տետրերն են նույնիսկ ստուգվել Ազգային անվտանգության ծառայության կողմից օդանավակայանում: Նենց որ, ինչպես ռուսներն են ասում՝ առաջին ամուսնությունը չի իրանց»:

Ձայների աճուրդի, ուղղորդված և կրկնակի քվեարկությունների, իրենց դաշինքի դեմ իշխանական «սև» քարոզչության հետևանքով, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, նոր խորհրդարանն ամբողջությամբ վերահսկելի է:

Ընդ որում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը առաջին հերթին «Ելք»-ի ընդդիմադիրն լինելն է կասկածի տակ առնում՝ վկայակոչելով տեղեկությունները, թե դաշինքի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը․ - «Իշխանությունը 100 տոկոսանոց իր համար խորհրդարան ստեղծեց՝ բառիս բուն իմաստով: Այս պահին մենք ունենք երեք անձի կողմից ձևավորած խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը շարունակեց, թե Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը չէին պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ․ - ««Ելք» դաշինքի առաջին դեմքը՝ Էդմոն Մարուքյանը կողմ էր քվեարկում կառավարության ծրագրերին: Կամ, ասենք, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը չմասնակցեց, չէ՞․․․ ասեցին՝ կեղծ օրակարգ է: Չդիմադրեց էս Սահմանադրության դեմ, այսինքն՝ էս համակարգի դեմ։ Էս համակարգի համար պատասխանատու են իրենք»:

«Ելք»-ի առաջնորդներն այս քննադատությանը անձամբ չեն պատասխանում․ դաշինքի անունից Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը փոխանցեց․ - «Դա ընտրություններից հետո շեմը չանցած և երկար քաղաքական ճանապարհ անցած մարդու հայտարարություն է, ով պարզապես այժմ որոշակի ստրեսային վիճակ է տանում և նման կերպ է արտահայտվում: Այլ որևէ տրամաբանական մեկնաբանություն, կարծում եմ, այստեղ տեղին չի լինի: Մենք մաղթում ենք Արմեն Մարտիրոսյանին քաջ առողջություն և հաջողություն իր քաղաքական կյանքի ուշացած ավարտից հետո իր գործունեության համար»:

Վերադառանալով Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի հետագա քայլերին․ առաջիկա օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու է դաշինքի դիմումը միավորել էլեկտրոնային սարքերի մատնահետքերի տվյալները՝ ստուգելու արդյոք նույն մարդիկ քվեարկել են բազմակի անգամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG