Մատչելիության հղումներ

Ընտրությունների օրը «Ազատության» թղթակցի նկատմամբ հարձակման փաստով քրգործ է հարուցվել


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին Երևանում «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանի և Araratnews.am լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները Գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին Ոստիկանություն:

«Նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կատարելու նպատակով հավատարմագրված լինելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սույն թվականի ապրիլի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում նկարահանումներ են կատարել Երևան քաղաքի Ռուսթավելու 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ, սակայն շտաբի մոտակայքում հավաքված հարևան տների մի խումբ բնակիչներ, խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել կատարել նկարահանումներ, որի ընթացքում վիրավորել և հրելով հեռացրել են շտաբի մուտքի մոտից», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Փաստի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` մի խումբ անձանց կողմից, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները պատժվում են ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG