Մատչելիության հղումներ

Վարչապետը խոսում է տնտեսական աճից, պաշտոնական տվյալները այլ բան են փաստում


Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո աճել է ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, այլև հայ-ռուսական առևտուրը՝ չնայած Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չի վերականգնել մինչև անդամակցություն եղած ծավալները, չի հասել նույնիսկ 2008 թվականի մակարդակին:

Մոսկովյան Известия պարբերականին տված հարցազրույցում Կարապետյանը նշում է․ - «ԵՏՄ-ում առկա ներուժը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք: Միությանն անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ: Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵՏՄ շուկաներ, և այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ վիճակագրական տվյալների նախորդ տարվա ցուցանիշների համեմատ միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ՀՆԱ աճ է գրանցվել»:

Կառավարությունն արդեն կես տարի գլխավորող «Գազպրոմի» նախկին բարձրաստիճան ներկայացուցիչը հավելում է՝ 2016 թվականի արդյունքներով Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 6 տոկոսով:

Հայաստանը ԵՏՄ անդամ է 2015թ․ հունվարի 2-ից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016թ․-ին Հայաստանի տնտեսությունը կազմել է 10 միլիարդ 547 միլիոն դոլար, 2015թ․-ին փոքր-ինչ պակաս էր՝ 10 միլիարդ 529 միլիոն: Բայց, ահա, 2014թ․-ին, երբ Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնած միության անդամ չէր, տնտեսության ծավալը կազմել է 11 միլիարդ 609 միլիոն դոլար:

Պատկերն էլ ավելի տպավորիչ է դառնում, եթե համեմատում ենք 2008թ․ տվյալների հետ: 2009թ․ տնտեսական խորը ճգնաժամին նախորդած տարում Հայաստանի տնտեսության ծավալը, ըստ ԱՎԾ-ի կազմել է, 11 միլիարդ 662 միլիոն դոլար: Այսինքն, նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ինը տարիներին երկիրը այդպես էլ չկարողացավ հասնել տնտեսության 2008թ․ մակարդակին:

Նույն վիճակն է հայ-ռուսական առևտրում: Վարչապետը խոսում է աճից, բայց եթե 2016թ․-ին երկու երկրների միջև առևտուրը, ըստ ԱՎԾ-ի կազմել է, 1 միլիարդ 366 միլիոն դոլար, ապա 2014թ․-ին այն ավելի շատ էր՝ 1 միլիարդ 431 միլիոն:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա երկրորդ տարին է այն փակում է տնտեսական անկմամբ․ 2015թ․-ին տնտեսական անկումը 3 տոկոս էր, իսկ անցած տարի՝ 0.7 տոկոս:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ անցած տարի նաև կտրուկ նվազել է Ռուսաստանից հոսող ներդրումների ծավալը, դեռ ավելին՝ գրանցվել է Հայաստանից Ռուսաստան կապիտալի արտահոսքի աճ:

«Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսությամբ արդեն իսկ բացառված է, որ Հայաստանը երկարատև զարգացում ապրի Եվրասիական տնտեսական միությունում, որովհետև այն կրկնում է Խորհրդային Միության մոդելը․ ինքը փակ տնտեսություն է, ինքը իր կողքին մաքսային սահմաններ է քաշում, բարձր մաքսատուրքերով պաշտպանում է իր ներքին արտադրողին, իսկ համաշխարհային փորձը ցույց տվեց, որ եթե դու երկար ժամանակ պաշտպանում ես քո ներքին արտադրողին, ստանում ես անորակ ու թանկ ապրանքներ», - պարզաբանեց Գևորգյանը: - «Այսինքն, եթե վարչապետը ասում է, որ մենք մուտք ունենք 183 միլիոնանոց շուկային, մենք այդ մուտքի համար վճարել ենք նրանով, որ կորցրել ենք 7 միլիարդ շուկա ունեցող ամբողջ աշխարհի տնտեսությունը», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG