Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի երկու կենտրոնական կայարանները՝ «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ», իրար կապող թունելում տեղական ժամանակով 15:04-ին պայթյուն է տեղի ունեցել: Այս պահի տվյալներով, զոհվել է ինը մարդ, քսանհինգ վիրավորներ՝ այդ թվում մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, տուժածների թիվը հասնում է հիսունի:
Մեկ այլ աղբյուրի համաձայն, զոհվել է տասը մարդ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին երկու պայթյունների մասին, սակայն պարզվեց, որ «Ապստամբության հրապարակ» կայարանում հայտնաբերվել էր ևս մեկ սարք, որը չէր պայթել:
Գլխավոր դատախազությունը կատարված ահաբեկչություն է որակել: Հայտնի չէ, սակայն, գնացքի վագոնում ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի գցողը մահապա՞րտ էր, թե՞ ոչ: Մինչև այս պահը որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:
Այսօր Սանկտ Պետերբուրգում էր նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ազգային ճակատի» հավաքին մասնակցելուց հետո նա հանդիպում էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Հանդիպումից առաջ Պուտինն լրագրողներին ասել է․ - «Իրավապահ մարմիններն աշխատում են տեղում, և կանեն հնարավորը՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»:
Ռուսաստանցի լրագրողները նկատել էին, ի դեպ, որ Լուկաշենկոյի հետ հանդիպումը պետք է մեկնարկեր պայթյունից մի քանի րոպե անց, սական Պուտինը չեղյալ չի հայտարարել հանդիպումը:
Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ փոխանցեցին, որ նա ցանկացել էր գնալ պայթյունի վայր, սակայն հատուկ ծառայությունները արգելել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Պուտինի խոսնակ Վլադիմիր Պեսկովը հերքել է այդ տեղեկատվությունը:
Դեպքի վայր է ժամանել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գրգիորի Պոլտավչենկոն՝ հրաժարվելով շփվել այնտեղ հավաքված պետերբուրգցիների ու լրագրողների հետ:
Առաջիններից մեկը կատարվածի կապացկությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:
Վերջին անգամ Ռուսաստանում մետրոյում ահաբեկչական գործողություն իրականացվել էր 7 տարի առաջ Մոսկվայում:
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն, Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր, Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: