Քաղաքագիտական անգրագիտություն կլիներ ակնկալել այլ արդյունք երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, հայտարարում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում գլխավորած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալներով 1.5 տոկոսից քիչ ավելի ձայն է ստացել՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:
«Մեզ մնում է սպասել, թե ինչպես են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելք»-ը վագրի թռիչքներով զարգացնելու տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը և կարգավորելու մեր ժողովրդի առջև կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը», - հեգնում է առաջին նախագահը, ով հենց Ղարաբաղի հարցը կարգավորելու՝ խաղաղության ծրագրով էր մասնակցում ընտրություններին:
«Խաղաղություն հիմա՛, և ոչ թե աղետից ու նոր, անիմաստ զոհերից հետո», - այսօր ilur.am կայքում հրապարակած հոդվածում կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանը` ընդգծելով․-«Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը այսուհետև նստելու է Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին»։
Առաջին նախագահը պնդում է, որ անկախ ընտրությունների արդյունքից իր գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությանը հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչն անգամ իրենց հակառակորդները չեն ժխտում: Բացի այդ, Տեր-Պետրոսյանի համոզմամբ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նախընտրական կարգախոսի շուրջ կարճ ժամանակում ձևավորվեց թեկուզ առայժմ ոչ զանգվածային՝ հասարակական շարժում, որի հետագա ծավալմանն ինքը՝ առաջին նախագահը չի կասկածում։
«Դա հավատավորների շարժում է», - ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մանրամասնելով, թե Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ իրենք չեն հետապնդում։ - «Եթե Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ի զորու են այդ աղետը կանխել Ղարաբաղի գոյության պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու ճանապարհով, մենք միայն երախտապարտ կլինենք նրանց», - շեշտում է առաջին նախագահը, ով սատարում է հակամարտության լուծման «տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» փոխզիջումային բանաձևը:
Տեր-Պետրոսյանի խոսքով, «Հայ ազգային կոնգրես»-ի օրակարգը ընտրությունների արդյունքներից չի փոխվել՝ «հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ»։
«Հայաստանի և Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարևանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը», - ամփոփում է առաջին նախագահը, որի գլխավորած կուսակցությանը ընտրություններին մասնակցեց դաշինքով՝ Ստեփան Դեմիրճյանի՝ «Հայաստանի ժողովրդական կուսակցության» հետ: