Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի, և չափազանց կարևոր է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն իրենց որակով վստահություն ներշնչեն երկրի քաղաքացիներին ու բոլոր գործընկերներին: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով իրականացվել է նախապատրաստական շատ մեծ աշխատանք՝ քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, գործընկեր կազմակերպությունների և կառույցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ:
Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ դիտորդների մասնագիտական կազմը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կներկայացնի հավասարակշռված, անաչառ ամփոփիչ հաշվետվություն, կհնչեցնի իր գնահատականները, դիտարկումներն ու խորհրդատվությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ընտրական գործընթացների շարունակական կատարելագործմանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերգեյ Լեբեդևը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած առաքելությանը հրավիրելու համար: Նա ընդգծել է, որ բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերվել դիտորդական առաքելության ձևավորմանը՝ կազմում ընդգրկելով ԱՊՀ 8 երկրից 172 ներկայացուցիչ: Առաքելությունը, որը մարտի 14-ից Հայաստանում է, նրա հավաստմամբ, եղել է բոլոր մարզերում և իր մասնագիտական աշխատանքն իրականացնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու ընտրական գործընթացների համար պատասխանատու բոլոր կառույցներից և կազմակերպություններից ստացել է անհրաժեշտ աջակցություն, ինչի արդյունքում կարողացել է ձևավորել գործընթացի վերաբերյալ բավականին լայն և օբյեկտիվ պատկեր:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է փաստել ընտրություններին տեղական մեծաքանակ դիտորդների մասնակցությունը, որը, նրա խոսքով, աննախադեպ է:
Զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: