Մատչելիության հղումներ

Արտաշատում «Ազատության» տեսախցիկն արձանագրել է կրկնաքվեարկության, մարդկանց օգնելու դեպքեր


Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Ազատության» տեսախցիկն արձանագրել է կրկնաքվեարկության, մարդկանց օգնելու դեպքեր, ցուցակներում անճշտություններ։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Արտաշատի 12/1 ընտրատարածքում, տղամարդը, գալով քվեարկության, պարզել է, որ իր փոխարեն մի կին արդեն քվեարկել, ստորագրել և հեռացել է։

«Ազատություն»-ը նաև ֆիքսել է, թե ինչպես են ցուցակներով մարդիկ տեղամասերի մուտքի մոտ դիմավորում ինչ-որ քաղաքացիների, ցուցակներում նշումներ անում և նոր ճանապարհում ընտրության։ Փորձեցինք հետաքրքրվել, թե ում կողմնակիցներն են։ «Քեզ ինչ, թե որ կուսակցությունից ենք՝ «Օրինաց երկիր», - ասացին ու հեռացան ընտրատեղամասից։

Դիտորդներից մեկը «Ազատության»-ը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները քվեաթերթիկներն այնպիսի դասավորությամբ են տալիս քաղաքացիներին, որ 6 համարի քվեաթերթիկը՝ Հանրապետական կուսակցության, լինի առաջինը, ինչն, ըստ իրենց, միտումնավոր է արվում, որպեսզի մարդկանց ուղղորդեն։

Նշենք, որ Արտաշատի և Մասիսի՝ մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ էին։ Հանձնաժողովի անդամները, «Ազատության» հետ զրույցում, փաստեցին, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից իրենց ակտիվությամբ՝ քաղաքացիներն այս անգամ ավելի ակտիվ են գալիս ընտրությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG