«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր քվեարկեց «հանուն հայրենիքի, հերոս տղաների, Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա համար»։
«Մենք արդեն ասել ենք, որ գործընթացը գտնվում է օրենքից դուրս, խաղից դուրս իրավիճակում, հիմա կսպասենք այսօրվա ավարտին, արդյունքները նաև կդիտարկենք, արդեն խախտումները պարզ են՝ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ այսօրվա ընթացքում արդեն տեղի են ունեցել, և շարունակվում են այդ ահազանգերը։ Դրանք մենք ամբողջական փաթեթով կներկայացնենք հասարակությանը։ Այնուամենայնիվ սա մեր պայքարի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ, և այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով», - քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ բնույթի խախտումներ են արձանագրել, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մենք կահազանգենք դրանց մասին, դուք արդեն գիտեք նախընտրական շրջանն ինքնին ինչ էր ներկայացնում՝ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը իշխող կուսակցության կողմից՝ ամեննատարբեր եղանակներով՝ սպառնալիքով, լծակով՝ կրթական համակարգից մինչև իրավապահ մարմիններ, իսկ այսօր կան տարբեր տեսակի ահազանգեր, որ ծրարների մեջ թվեր պետք է դրվեն, ինչ-որ շրջիկ խմբեր, որ կկարողանան շրջել նոտարների հետ միասին, որովհետև մենք բոլորս գիտենք, որ մատնահետքերը դրանք կենտրոնացված չեն, չկա համապետական տվյալների բազա, և ընտրակաշառքները պարզ է թե իրենցից ինչ են ներկայացնում, մի մասը դուք պետք է բացահայտեք, մի մասը քաղաքացիներն իրենք և այսօրվա ավարտին մենք համալիր կներկայացնենք մեր մոտեցումը, բոլոր դեպքերում ս իրավական Հայաստան ունենալու հերթական հանգրվանն է, պայքարն է»։
«Մենք հույսով պետք է ապրենք մեր երկրում, որ վերջապես ունենանք Հայաստանի Հանրապետություն և ոչ թե կուսակցապետություն», - ասաց Հովհաննիսյանը։