Ազգային ժողովի ընտրություններում Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ:
Ընտրություն կատարելուց հետո ի պատասխան լրագրողների հարցի՝ ի՞նչ է մտածել քվեաթերթիկը քվեատուփը գցելիս, Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա»:
Նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը, հիշեցնեմ, այս ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով․ - «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քարոզարշավը և շանսերը, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ - «Էսօր շանսեր գնահատելու ժամանակը չի, էսօր քվեներ ստանալու ժամանակն է»:
Նախագահի քվեարկելու ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջացան․ նախ ընտրողների գրանցման համակարգը չճանաչեց երկրի ղեկավարի կենսաչափական անձնագիրը, Սերժ Սարգսյանը ներկայացրեց երկրորդը: Ապա խնդիրներ ծագեցին մատնահետքերի հետ կապված:
Տեխնիկական մասնագետ Լիլիա Կարտոյանը ավելի ուշ լրագրողներին փոխանցեց, որ սարքը չի ճանաչել Սերժ Սարգսյանի բոլոր տասը մատները․ - «Սարքի հետ կապված խնդիր չի․ տենց պատահում է: Երևի վնասված էր մատնահետքը, կամ միգուցե կոշտացած էր: Էդ պատճառով չկարդաց»:
Ավելի ուշ մայրաքաղաքի Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/18 տեղամասում քվեարկեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում մատնահետքերը նույնպես տեխնիկական սարքը չճանաչեց: