Մատչելիության հղումներ

Gallup․ 5 տոկոսը գերազանցող վարկանիշ ունեն հինգ քաղաքական ուժեր


Եվրասիական տարածաշրջանում ամերիկյան հեղինակավոր Gallup կազմակերպության պաշտոնական գործընկեր Baltic Surveys կազմակերպության տվյալներով խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ու դաշինքներից 5 տոկոսը գերազանցող վարկանիշ ունեն հինգը՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը», Դաշնակցությունն ու «Հայկական վերածնունդը»:

Baltic Surveys-ի ու Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետազոտության համաձայն հայաստանցիների 30 տոկոսը իրենց ձայնը կտան Հանրապետականին, 29 տոկոսը «Ծառուկյան» դաշինքին, 9 տոկոսը «Ելքին», 7 տոկոսը Դաշնակցությանը և 5 տոկոսը «Հայկական վերածնունդին»:

Ընտրական օրենսգրքի համաձայն Ազգային ժողովում մանդատ ստանալու համար դաշինքներին անհրաժեշտ է առնվազն 7 տոկոս քվե, իսկ կուսակցություններին՝ 5 տոկոս:

Baltic Surveys/The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուշկիենեն ներկայացրեց՝ իրենք ամերիկյան հեղինակավոր Gallup կազմակերպության պաշտոնական գործընկերն են և մարտի 18-ից 27-ը տեղի ունեցած հայաստանյան հարցումն իրականացրել են Gallup-ի մեթոդաբանությամբ:

«Այո, սրանք Gallup-ի թվերն են և դա այն է, ինչ Gallup-ն անում է բոլոր երկրներում, որտեղ աշխատում է», - հայտարարեց Ալիշաուշկիենեն:

Էլ ավելի տպավորիչ է, որ ըստ Baltic Surveys/The Gallup Organization-ի, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներից այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Գագիկ Ծառուկյանը, ում վարկանիշը գերազանցում է որ միայն վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը, այլև նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը ներկայացված ցանկում ամենից ցածր վարկանիշն ունի՝ զիջելով, օրինակ, Վիգեն Սարգսյանի, Արմեն Ռուստամյանի, Արթուր Բաղդասարյանի վարկանիշներին:

Գևորգ Պողոսյանին հարցրեցինք՝ հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, շարունակվող արտագաղթը՝ ինչպե՞ս կբացատրի այն, որ մոտ 18 տարի շարունակաբար իշխող Հանրապետական կուսակցությունը, ըստ իրենց հարցման, ունի ամենաբարձր վարկանիշը․ - «Այդ պարադոքսը մեզ վաղուց է հետաքրքրել, սա առաջին անգամը չէ: Բանն այն է, որ երկու խնդիր կա, որ այս ընտրությունների ժամանակ ի հայտ են գալիս և Հայաստանում դա միշտ եղել է․ դժգոհ բնակչությունը չի ընտրում այն ուժին, որից դժգոհել է, սա տրամաբանորեն հասկանալի է: Բայց դժգոհ բնակչությունը ընտրում է այն դեպքում, երբ չի տեսնում կողքին մեկ ուրիշ ուժ, որը կարող է իր վրա վերցնել այդ ամբողջ պատասխանատվությունը և տանել: Եվ երկրորդ հանգամանքը՝ կա մի բավականին մեծ սոցիալական խավ, որն իր ձայնը համոզված կերպով տալիս է Հանրապետական կուսակցությանը, որովհետև դա իրենց գաղափարակիրներն են, նրանք կապված են կուսակցության հետ, կապված են իշխանության հետ, աշխատում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG