ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են պաշտպանական ծախսերն ավելացնելու և ահաբեկչության դեմ պայքարը խստացնելու հարցերը:
Սա նմանօրինակ առաջին հավաքն է, որին մասնակցում է Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Հավաքի նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ «անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն տրանսատլանտյան կապերն ամուր պահելու համար ծախսերի բեռն արդար կիսելու հարցը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակին ՆԱՏՕ-ն անվանել է «ժամկետանց կառույց» և պնդել է Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու մտադրության մասին, ինչը մտահոգություն է հարուցել ՆԱՏՕ-ում դաշնակիցների շրջանում: Ստոլտենբերգը փարատել է այդ մտավախությունները, ասելով, որ Թրամփը նույնքան հավատարիմ է արևմտյան ռազմական դաշինքին, որքան ԱՄՆ նախկին ղեկավարը, և հավելել, որ «ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հարաբերությունները ժայռի պես ամուր են»: