Մատչելիության հղումներ

Կուրց․ «Պետք է այժմ պատրաստվենք խաղաղության և թույլ չտանք պատերազմին վերադառնալ»


ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրց, արխիվ
ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրց, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարությամբ է հանդես եկել ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը միանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը վերադառնալու կոչին, որով կողմերին են դիմել Մինսկի խմբի համանախագահները մարտի 29-ի հայտարարությունում:

«Մարտերը և բռնությունը, որոնց մենք ականատես եղանք մեկ տարի առաջ՝ վատթարագույնը անցած երկու տասնամյակներին, պատճառեցին ավեր, տառապանք և մարդկային կորուստներ: Դա հստակ հիշեցում էր, թե որքան արագ պատերազմի մեքենան կարող է տապալել խաղաղության ջանքերը: Այդ առիթով, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ հրադադարը վտանգող որևէ գործողությունից: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային մարդասիրական պարտավորություններին խստորեն հետևելու իրենց հանձնառություններին․ պատերազմական հանցագործությունները երբեք չեն կարող արդարացվել», - ասված է Կուրցի այսօրվա հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում:

Վերհիշելով 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, ԵԱՀԿ գործող նախագահը հույս է հայտնում, որ բանակցություններին նոր ազդակ կհաղորդվի: «Շփման գծում բախումները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր եղան, ամբողջ անցած տարվա ընթացքում մեր առանձնահատուկ մտահոգության առարկան էին: Այժմ ճիշտ ժամանակն է՝ կենտրոնանալու վստահության կառուցման պրագմատիկ և գործնական քայլերի վրա, ինչպես նաև վերսկսելու առարկայական բանակցությունները», - շեշտում է Սեբաստիան Կուրցը:

ԵԱՀԿ գործող նախագահը նաև ափսոսանք է հայտնել 2016-ի ապրիլի ողբերգական իրադարձություններից հետո մարդկանց զոհվելու կապակցությամբ՝ իր ցավակցությունները փոխանցելով զոհվածների ընտանիքներին: Կուրցն ընդգծում է, որ ապրիլյան իրադարձությունները «ավելի են դժվարացրել հայերի և ադրբեջանցիների համար խաղաղությանը հավատալը», սակայն հավելում է, որ, ինչպես քանիցս հայտարարել է, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա»: «Մենք պետք է այժմ պատրաստվենք խաղաղության և թույլ չտանք պատերազմին վերադառնալ՝ իր բոլոր ահավոր հետևանքներով», - հայտարարում է ԵԱՀԿ գործող նախագահը:

Կուրցը նաև բարձր է գնահատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի աշխատանքը, մասնավորապես՝ աջակցությունը 2017 թվականի փետրվարին զոհված զինծառայողների աճյունները վերադարձնելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործողությանը:

«ԵԱՀԿ նախագահությունը պատրաստակամ է աջակցել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնություններն առաջ մղելու և իրականացնելու՝ կողմերի ջանքերին», - իր հայտարարությունն ամփոփում է ԵԱՀԿ գործող նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG