Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում մարտի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու խորհրդարանների գործընկերային հարաբերությունների խորացման, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման, հատկապես միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում նշանակալի է միջխորհրդարանական հանձաժողովի դերը, որի աշխատանքները տարեցտարի դառնում են ավելի ակտիվ ու արդյունավետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին և գոհունակություն հայտնել այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ, ընդգծել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա բարձր մակարդակը:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԱՊՀ ՄԽՎ հոբելյանական նիստին և Վեհաժողովի անցած ճանապարհին, կարևորվել այդ տարիների ընթացքում մոդելային օրենսդրության ստեղծման և զարգացման աշխատանքները, միջազգային խորհրդարանական կապերը և շփումները, մոնիթորինգային, մշակութային համագործակցության ընդլայնումը, խաղաղարար գործունեությունը, որի արդյունքն է 1994 թ. կնքված եռակողմ պայմանագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանն ընդունում է Մինսկի խմբի 3 սկզբունքները և կարևորում համանախագահների, այդ թվում ՌԴ ջանքերը Արցախի խնդրի արդարացի և խաղաղ լուծման ուղղությամբ: Տիկին Նաղդալյանը դատապարտել է Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականությունը՝ հիշեցնելով ապրիլյան չորսօրյա պատերազմի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության մասին:
Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող խնդիրներ, hույս հայտնել, որ տնտեսական արագընթաց զարգացում կարձանագրվի:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացումները և տիկին Մատվիենկոյին նվիրել Հայաստանում արտադրված պլանշետ, որը զարմացրել և անչափ ոգևորել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահին, ով խոստացել է աշխատանքի ընթացքում անպայման օգտվել հայկական արտադրության ժամանակակից սարքից: