Մատչելիության հղումներ

«Այն, ինչ առաջարկում ենք, դա երկրի փրկության բանալին է». Զուրաբյան


«Մենք Ղարաբաղը պահպանելու ենք՝ միջազգային երաշխավորված խաղաղությամբ և պայմանագրով», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ամեն ժամ դաշինքն ունենում է նոր համակիրներ, նոր աջակիցներ։ Ըստ Զուրաբյանի, բոլորը հասկացել են, որ այն, ինչ դաշինքն առաջարկում է, «դա երկրի զարգացման, փրկության բանալին է, որը ոչ մի քաղաքական ուժ չի առաջարկում»։

Չորեքշաբթի օրը դաշինքի հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավարը պնդեց՝ բոլոր այն սոցիոլոգիական հարցումները, որ «պատվիրվում են իշխանությունների կողմից կամ այլ քաղաքական ուժերի կողմից, զրոյական արժեք ունեն»։

«Ազատություն». - Քարոզարշավն արդեն ավարտվում է, ի՞նչ չափով հասցրեցիք խաղաղության ուղերձը, ի՞նչ արդյունք ունեք։

Զուրաբյան. - Արդյունքն ահա առկա է՝ բազմահազարանոց ցույց, բազմահազարանոց շարժում, որն այսօր դուրս է եկել փողոց, ու ուղղակի սրանով արդեն կարելի է ասել, որ բոլոր այն սոցիոլոգիական հարցումները, որ պատվիրվում են իշխանությունների կողմից կամ այլ քաղաքական ուժերի կողմից, զրոյական արժեք ունեն, որովհետև այն ուժերը, որոնք չգիտես ինչ ցուցանիշներ են այդ սոցիոլոգիական արդյունքներով ցույց տալիս, չեն կարող մի քանի հարյուր մարդ հավաքել։

«Ազատություն». - Այսինքն, սա այն պատասխանն է այս ամսվա ընթացքում մամուլում անընդհատ հնչող այն հարցին, թե կհաղթահարե՞ք անցողիկ շեմը, թե՞՝ ոչ, նաև չարախնդություն կար ձեր նկատմամբ...

Զուրաբյան. - Հենց դա է։ Մեզ ասում էին՝ «դուք այս ձեր ծրագրով քաղաքական ինքնասպանություն եք կատարում, ձեզ ոչ ոք այլևս չի աջակցի, դուք կորցրել եք ձեր վերջին համակիրներին», այսօր ոչ միայն մենք ցույց տվեցինք, որ մեր համակիրներին պահպանել ենք, որ մենք մեր ընտրազանգվածն ընդլայնել ենք։ Խաղաղության այս շարժումը՝ ռացիոնալ մարդկանց շարժումը, ընդլայնվում է ամբողջ երկրում, ծավալվում է ամբողջ երկրում, և այլևս դա օրերի հաշվարկից անցել է ժամերի հաշվարկի, որովհետև ամեն ժամ մենք ունենում ենք նոր համակիրներ, նոր աջակիցներ, մեզ համար քվեարկող նոր մարդիկ, որովհետև բոլորը հասկացել են, որ այն, ինչ որ մենք առաջարկում ենք, դա երկրի զարգացման, փրկության բանալին է, որը ոչ մի քաղաքական ուժ չի առաջարկում։

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, բայց միաժամանակ նաև կոշտանում է այդ, ինչպես ընդունված է ասել, «ոչմիթիզականների» դիրքորոշումը, և հենց այս ամսվա ընթացքում դո՛ւք հայտնվեցինք հատկապես քննադատության թիրախում։

Զուրաբյան. - Դա ընտրական պրոցեսների կանոնն է. երբ որ մի քաղաքական ուժ հասնում է հաջողության, երբ որ նրա ընտրազանգվածը մեծանում է, բոլորը սկսում են նրան համակրել, անմիջապես սկսվում է հակառակ ազդեցությունը, բոլորը ուղղվում են այդ ուժեղացող քաղաքական ուժի դեմ, և մենք տեսնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք սկսել էին այս ընտրարշավը կարծես մեզ չտեսնելով, անտեսելով, ասելով, որ մենք այլևս գոյություն չունենք, այսօր այդ քաղաքական ուժերը դարձել են մեր ամենակատաղի քննադատը։ Ես սա ողջունում եմ, սա լավագույն ապացույցն է, որ մենք հասել ենք մեծագույն արդյունքի և որ մենք գնում ենք դեպի իսկապես խաղաղության շարժման հաղթանակը։

«Ազատություն». - Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք ասում են ՝«արյունով վերցված հողը հանձնում եք», և սա դավաճանություն է որակվում։

Զուրաբյան. - Դա ես համարում եմ կատարյալ հիմարություն, որովհետև հակառակը՝ եթե մենք չենք ուզում անարգենք թափված արյունը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ թափված արյունով ձեռք բերվածը պահպանենք։ Մենք Ղարաբաղը պահպանելու ենք՝ միջազգային երաշխավորված խաղաղությամբ և պայմանագրով, դա է մեր նպատակը, և ես կարծում եմ, որ իրենց արյունը անարգում են հենց նրանք, ովքեր ուզում են այնպիսի արկածախնդրական քաղաքականություն Հայաստանի համար, որը ի վերջո բերելու է հենց այդ նվաճումների կորստին: Մենք նման ազգային աղետ թույլ չենք տալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG